Նոյեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության առիթով «Առավոտը» զրուցեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի հետ:
– Ինչպե՞ս եղավ, որ Թաիլանդի հրաժարվելուց հետո ԱԻԲԱ-ն առաջնությունը որոշեց հանձնել Հայաստանին:
– Մեր ֆեդերացիան սկզբում այս առաջնությունը կազմակերպելու մտադրություն չուներ: Պլանավորել էինք եկող տարվա Եվրոպայի մեծահասակների չեմպիոնատը Երեւանում կազմակերպելու հայտ ներկայացնել: Բայց երբ Թաիլանդը հրաժարվեց, ես պաշտոնական նամակով դիմեցի ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ-Կու Վուին՝ երիտասարդների այս առաջնությունը մեզ մոտ անցկացնելու պատրաստակամություն հայտնելով: Նախնական, մեզ պատասխանեցին, որ այդ հարցը կքննարկեն: Իսկ երբ ստացա նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի աջակցության համաձայնությունը, ԱԻԲԱ-ին համոզեցի այս առաջնությունը Երեւանին տալու հարցում:
Կարդացեք նաև
– Մեկուկես ամսում նախապատրաստական աշխատանքները կատարել հասցրե՞լ եք:
– Ֆեդերացիան հիմնականում ամեն ինչ արել է: Աշխատում ենք միաժամանակ բոլոր ուղղություններով եւ գրեթե բոլոր խնդիրները լուծված են: Մեզ աջակցում են ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Մուրադին» ընկերությունը, Օլիմպիական կոմիտեն, սպորտի նախարարությունը: Իսկ պետական մյուս կառույցներին աշխատում ենք առայժմ չանհանգստացնել: Ստորագրել ենք աշխարհի առաջնության անցկացման համար անհրաժեշտ միջազգային բոլոր պայմանագրերը: ՄՀՀ-ն պատրաստ է, պայմանավորվել ենք մասնակիցներին ընդունող հյուրանոցների հետ, ապահովել բռնցքամարտիկների մարզումային դահլիճները, գնել ենք ԱԻԲԱ-ի պահանջներին համապատասխան «Adidas» ֆիրմայի արտադրության երկու ռինգ, որոնք արդեն Հայաստանում են:
– Մասնակից 70 երկրները երբվանի՞ց են ժամանելու:
– Պաշտոնական ժամանումն սկսվելու է նոյեմբերի 25-ից: Բայց արդեն երեք հավաքականներ՝ Ֆրանսիայի, Հունաստանի եւ Վրաստանի, արդեն այստեղ են: Նրանք վերջին հավաքն անցկացնում են Աբովյան քաղաքում:
– Ադրբեջանը նույնպես ժամանում է: Նրանց անվտանգության հարցերը լուծվա՞ծ են:
– Առանց դրա նրանք չէին ժամանի: Խնդիրը լուծված է պետական մակարդակով: Նրանք Երեւանում կապրեն եւ կմարզվեն առանձին:
– Որքա՞ն գումար է ծախսվելու աշխարհի առաջնության վրա:
– Առաջնության բյուջեն շուրջ 300 միլիոն դրամ է, որի մեծ մասը ֆեդերացիան արդեն տրամադրել է:
– Պետությունից աջակցություն չկա՞:
– Ոչ: Բայց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը խնդրել ենք, որ կառավարությունն էլ միջոցներ տրամադրի: Տեսնենք: Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, ֆինանսների պատճառով աշխարհի երիտասարդական առաջնությունը չի տուժի:
– Մամուլի հետ աշխատանքները կազմակերպվա՞ծ են:
– Անշուշտ: Ֆեդերացիան ունի մամուլի ծառայություն, ՄՀՀ-ում կգործի մամուլի կենտրոն՝ կահավորված կապի համապատասխան միջոցներով: Հայաստանից հավատարմագրվել է ավելի քան 30 լրատվամիջոց: Իսկ թե արտասահմանից որքա՞ն կլինի, առայժմ չգիտենք: Այնպես որ, բոլորիդ հրավիրում եմ լուսաբանելու աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը մարզական իրադարձություն է Հայաստանի համար, որը մենք անում ենք հանրապետությունում բռնցքամարտը զարգացնելու նպատակով:
– Քանի որ խոսեցիք մեզանում բռնցքամարտը զարգացնելու մասին, ասացեք խնդրեմ. Դուք տարվա մեծ մասը գտնվում եք Հայաստանից դուրս: Ֆեդերացիայի աշխատանքը ձեզ բավարարո՞ւմ է:
– Ճիշտ է, դրսում եմ, բայց բոլոր աշխատանքներից տեղյակ եմ: Իսկ ինչ վերաբերում է ֆեդերացիայի աշխատանքներին, պատասխանեմ չոր թվերի լեզվով: 2000-2009 թվականներին, մինչեւ իմ նախագահ ընտրվելը, մեր բռնցքամարտիկները աշխարհի, Եվրոպայի բոլոր տարիքային խմբերի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել են 38 մեդալ, որից 5-ն է ոսկե եղել: 2009 թվականից հետո այս չորս տարում, իսկ 2012 թվականը դեռ չի ավարտվել, եւ բացի աշխարհի այս առաջնությունից, մեր բռնցքամարտիկները մասնակցելու են նաեւ Կալինինգրադում կայանալիք ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը, ներառյալ նաեւ միջազգային մրցաշարերը, նվաճել են 171 մեդալ, 58-ը՝ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Իսկ այդ 58-ից 11-ը ոսկի է, 15-ը՝ արծաթ, 32-ը՝ բրոնզ:
– Ֆեդերացիան մարզաձեւի վրա տարեկան որքա՞ն գումար է ծախսում:
– Չորս տարվա կտրվածքով ծախսվել է 700 միլիոն հովանավորչական դրամ, իսկ պետությունը հատկացնում է տարեկան 110 միլիոն դրամ:
– Օլիմպիական խաղերին մեր մասնակցությունը ձեզ բավարարո՞ւմ է:
– Ի սկզբանե մեկ մասնակիցն արդեն չէր բավարարում, որի համար հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական տվեց: Բայց դա նաեւ կարելի է բացատրել նրանով, որ վարկանիշային մրցումները մեզ համար, մեղմ ասած, անհարմար երկրներում՝ Ադրբեջանում եւ Թուրքիայում անցկացվեցին: Իսկ ինչ վերաբերում է Անդրանիկ Հակոբյանի մասնակցությանը, որը մեր ֆավորիտներից է, նրա պարտությունն առաջին մենամարտում համարում եմ մարզական անհաջողություն:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ