2012-2013թթ. փարիզյան ներկայացումների ցանկում հայտնվեց հայ հեղինակի՝ Անահիտ Թոփչյանի անունը: Ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Դարիուս Միյոյի անունը կրող թատրոնում արդեն երրորդ ամիսն է՝ հաջողությամբ գնում է «Մարաթոն» վերնագրով ներկայացումը՝ բեմադրված ըստ Անահիտ Թոփչյանի համանուն պատմվածքի: Բեմադրությունը պատրաստել է «Ռոզամիռա» ընկերությունը, բեմադրող՝ Նինա Դիվ, դերակատարներ՝ Սոլանժ Միյո, Վիլյամ Ամբեր:
«Մեր ռացիոնալ եւ ավտոմատացված ժամանակաշրջանում «Մարաթոն» ներկայացումը ընկալվում է որպես մետաֆոր: Երկու անորոշ սեռի դիմակավորված ծաղրածուները հիշեցնում են Ֆեդերիկո Ֆելինիի ֆիլմերի պերսոնաժներին: Նրանց շարժումները վազքի նմանակում են: Նրանց կյանքը մի անվերջ մարաթոն է, եւ յուրաքանչյուրը համոզված է, որ գտել է իր գոյության իմաստը: Ներկայացման բոլոր բաղադրիչները՝ լույսը, ձայնը, զգեստները, բեմական դատարկ տարածքը, ընդգծում եւ առաջին պլան էր մղում ամենակարեւորը. արարի խորը փիլիսոփայությունը: Այդ ամենն այնքան նուրբ է ներկայացված, որ ո՛չ մի բառ, ո՛չ մի ձայն չի վրիպում հանդիսատեսի ուշադրությունից: Անահիտ Թոփչյանի տեքստը հարազատ է Բեկետի եւ Իոնեսկոյի աբսուրդի թատրոնին: Այդ խորիմաստ ու սեղմ երկխոսությունը, իսկապես, հանդիսատեսի լարված ուշադրությունն է պահանջում: Ամեն ինչ տեղի է ունենում նույն ժամանակի եւ տարածքի մեջ, մեկ գործողության ընթացքում: Երկու գործող անձինք վազքով են ապրում իրենց կյանքը մինչեւ վերջ: Ո՞րն է նրանցից իրավացի: Նա, որն անվերջ վազում է եւ ձգտում ապրել ժամանակին համաքա՞յլ: Թե՞ նա, որն ուզում է անշտապ ապրել, կյանքն ըմբոշխնել, հաճույք ստանալ… Այլապես ոչ թե ապրում ես, այլ վազում կյանքի կողքով: Դա երկու հայացքների հակադրությունն է, որի մեջ հանդիսատեսն ազատ է ընտրել այն, ինչն ավելի հարազատ է նրան: Բայց բոլորս, ավա՜ղ, ի վերջո հասնում ենք միեւնույն ավարտին…», – գրում է ներկայացման մասին ֆրանսիական մամուլը:
«Նինա Դիվի ծաղրածուները եւ նրանց դիմակ-դեմքերը հիշեցնում են Ֆելինիի աշխարհը: Տեքստը եւ ներկայացումը հասնում են գրոտեսկի, թեթեւ հեգնանքի երանգով, որի տակ մի խորը փիլիսոփայություն կա», – ասվում է ներկայացման անոտացիայում:
Հանդիսատեսը լարված ուշադրությամբ հետեւում է երկխոսությանը, հաճախ ծիծաղում, ինչն, ի դեպ, չի խանգարում նրան մտորելու կյանքի բուն իմաստի մասին:
…Երկու ծաղրածու են հայտնվում բեմում՝ մեկը լուրջ, մյուսն՝ անլուրջ: Ծիծաղաշարժ եւ անհեթեթ իրավիճակներում նրանք, գրեթե ամբողջությամբ եւ յուրովի մատուցում են պատմվածքի տեքստը, մի երկխոսություն կյանքի ողբերգական, միաժամանակ՝ անհեթեթ կողմերի մասին: Անլուրջը շարունակ զավեշտի է վերածում Լուրջ ծաղրածուի փիլիսոփայական դատողությունները եւ դրանով հարուցում հանդիսատեսի ծիծաղը: Բայց հանդիսատեսը ծիծաղում է նաեւ Լուրջ ծաղրածուի վրա: Ստացվում է, որ մենք ծիծաղում ենք երկու ծաղրածուների վրա էլ, դրանով իսկ, ասես, ընդգծելով ամեն ինչի հարաբերականությունը: Մի խոսքով, իսկական աբսուրդի թատրոն:
Ներկայացումները կշարունակվեն մինչեւ դեկտեմբերի սկիզբը, որից հետո «Մարաթոնը» պիտի հյուրընկալվի Ֆրանսիայի այլ քաղաքների բեմերում: «Մարաթոն» պատմվածքը Անահիտ Թոփչյանի «Lady S.DF.» առաջին ժողովածուից է: Ժամանակին այն թարգմանվել է ֆրանսերեն եւ տպագրվեց բելգիական «Liaison» հանդեսում: Լույս է տեսել նաեւ հունարեն՝ «Մանդրագորա» մշակութային ամսագրում:
«Առավոտ» օրաթերթ