Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսլանը ծնունդից հետո եղել է Ադրբեջանում

Նոյեմբեր 20,2012 13:34

«Այն փաստական հանգամանքները, որոնք ներկայացրել ենք վարչական դատարանում, պարզապես չեն գնահատվում: Այն հոդվածները, որոնք մեջբերվում են, իրենց հերթին մեկնաբանվում են յուրովի, այսինքն՝ դատարանն էլի սխալ է մեկնաբանում: Այն օրենքը, որը պետք է դատարանը կիրառեր, չի կիրառում, այլ կիրառում է այլ օրենք եւ այդ կիրառվող օրենքն էլ իր հերթին ճիշտ չի մեկնաբանվում»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Գագիկ Մայիլյանը:

Գագիկ Մայիլյանը հայցվոր Ռուսլան Բաբայանի ներկայացուցիչն է դատարանում՝ գործով ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) կայացրած որոշման, որը դադարեցրել էր Ռուսլանի փախստականի կարգավիճակը Հայաստանում: «Մենք փաստական հանգամանքներով նշում ենք, որ Ռուսլան Բաբայանը ծնվել է Ռուսաստանում եւ ավելացնում ենք, որ այդ ժամանակ Ռուսլանի մայրը եղել է դեկրետի մեջ: Երեխա ունենալու նպատակով մեկնել է Ռուսաստան եւ Ռուսլանի ծնունդից հետո վերադարձել են Ադրբեջան: Որպես փաստական հանգամանք ներկայացրել ենք Ռուսլանի մոր՝ Մարինայի աշխատանքից հեռացվելու պատճառը, որտեղ նշվում է, թե Մարինան ազատվում է աշխատանքից, քանի որ երեխան մեկ ու կես տարեկան է: Այսինքն՝ աշխատանքային գրքույկը փաստ է, որ Ռուսլանը ծնունդից հետո եղել է Ադրբեջանում եւ ընտանիքի հետ բռնագաղթվել է Հայաստան, քանի որ հենց Ռուսլանի մանկահասակ լինելն էլ եղել է պատճառ Մարինայի աշխատանքից հեռացվելու: Այդ փաստական հանգամանքները բացարձակ հաշվի չեն առնվել դատարանի կողմից»,- պատմում է Գագիկ Մայիլյանը:

Փաստորեն, եթե հետեւենք դատարանի կողմից փաստերի անտեսմանը, ապա կստեղծվի վիճակ, որ Ռուսլանը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի, որն ուղղակի հնարավոր չէ: Դատարանը հերքում է Գագիկ Մայիլյանի բերած փաստերը եւ գտնում, որ Ռուսլանն Ադրբեջանից բռնագաղթված անձ չէ եւ միեւնույն ժամանակ հաստատում, որ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանի մեջբերումը կարգավիճակը դադարեցնելու մասին՝ ճիշտ է, որտեղ գրառված է, թե Ռուսլանը չի կարող հանդիսանալ Ադրբեջանից բռնագաղթված անձ, քանի որ նա ծնվել է Ռուսաստանում, իսկ նրա ծնողների՝ Ադրբեջանից բռնագաղթվելու փաստը հիմք չէ Ռուսլանին փախստական ճանաչելու համար:

Այդ հարցով հայցվորի ներկայացուցիչ Գագիկ Մայիլյանն արտահայտեց իր բողոքը. «Տրամաբանություն նույնիսկ չկա: Ինչ է նշանակում, որ Ռուսլանի ծնողները բռնագաղթվում են եւ հանդիսանում են փախստական, իսկ տարի ու վեց ամսական երեխան՝ ոչ: Այդ տարիքի երեխան ոնց կարող էր գնալ Ռուսաստան, մնար այնտեղ կամ ինչպես կարող էր այդ տարիքում առանց մոր խնամքի անընդմեջ ապրեր»:

Այդ խնդրի վերաբերյալ իրենց վրդովմունքն արտահայտեցին նաեւ Ռուսլանի ծնողները: Նրանք ավելի քան վստահ են, որ դատարանն իրենց շահերը չի պաշտպանում եւ իրենց զարմանքն են արտահայտում. «Ենթադրենք՝ Բաքվից բռնագաղթվելու ժամանակ մի մասին տարել են Ուկրաինա եւ այդտեղ մեկը ծննդաբերել է, որից հետո շարունակել է այդ մարդը բռնագաղթվել Հայաստան, ուրեմն պիտի այդ երեխան համարվի Ուկրաինայի քաղաքացի՞: Ինչքան կարելի է այսպես շարունակել: Որեւէ արդար մոտեցում չկա: Մենք այդքան գումարներ ենք ծախսում ճանապարհների վրա, թարգմանությունների համար, որպեսզի ապացուցենք փախստական ենք: Ինչ է, հնարավոր չէ՞ գոնե դատարաններում արդարությամբ մոտենան այդ հարցին: Ամեն ինչ շատ պարզ է եւ մանրամասն գրառված է արխիվում: Ապացուցելու կարիք անգամ չկա մեր տղայի փախստական լինելու փաստի մասին»:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռուսլանի գործով հայցն այժմ բողոքարկվում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում: Հետաքրքիր է, թե ինչպես է Ռուսլանը տարիներ շարունակ ստացել փախստականի անձնագիր եւ որտեղ են գտնվում այժմ նրա բռնագաղթվելու վերաբերյալ փաստերը: Բնականաբար, դա գտնվում է «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում, սակայն նշենք, որ նույնիսկ դա հաշվի չի առնվել, մինչդեռ հենց այդ նույն «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի արխիվի միջոցով էլ Ռուսլանը հաստատված է եղել որպես Ադրբեջանից Հայաստան բռնագաղթված անձ: Ավելին՝ այդ նույն «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը տարիներ շարունակ տրամադրել է տեղեկանք այն մասին, որ Ռուսլանը համարվում է փախստական: Ինչպես եղավ, որ արխիվից Ռուսլանի մասին տեղեկություններն իսպառ վերացան եւ հիմա այդ փաստերի ապացուցման մասին անհրաժեշտություն առաջացավ: Այդ հարցով Գագիկ Մայիլյանն ասաց. «Արխիվից վերցրել եմ բոլոր փաստացի ապացույցները Ռուսլանի բռնագաղթվելու մասին, որը նույնպես ներկայացրել եմ դատարան, սակայն որպես փաստ դա անտեսվել է: Դատավորը պարտավոր է ներկայացված յուրաքանչյուր ապացույց գնահատի: Ես չեմ ասում, որ դատավորը պետք է ասի, թե ճիշտ եմ կամ սխալ, բայց պետք է փաստերը գնահատի»: Ավելի քան ակնհայտ է, թե ով է այստեղ շահում եւ ով է տանուլ տալիս, սակայն ամենից առաջ պետությունը, առավել եւս՝ դատարանը պարտավոր է պաշտպանել քաղաքացու շահերը, որը, ցավոք, անտեսվում է:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Ռուսլան Բաբայանի փախստականի կարգավիճակը դադարեցվել է ՄՊԾ-ի կողմից, հիմք ընդունելով այն, որ նա 1989 թվականին ծնվել է Ռուսաստանում, իսկ Ադրբեջանից Հայաստան բռնագաղթվելու մասին «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող ընտանիքի անկետայում չի եղել նշում նրա՝ Ադրբեջանից դուրս գալու ժամկետի վերաբերյալ:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930