«Առավոտ» թերթի 2012 թվականի նոյեմբերի 8-ի տպագրված «Առողջապահության նախկին նախարարը բացահայտում է 2013 թվականի առողջապահության պետական բյուջեի «աճպարարությունները» հոդվածում տրված գնահատականների համատեքստում առողջապահության ծախսերի ֆինանսավորման հիմնախնդիրները հանրությանն ավելի խորությամբ ներկայացնելու նպատակով պետական բյուջեից առողջապահության ոլորտին հատկացվող միջոցների վերաբերյալ անհրաժեշտ է որոշ պարզաբանումներ տալ ներկայի եւ նախկինի համադրման միջոցով:
1. Առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումների սահմանափակ եւ անբավարար լինելը ակնհայտ է հանրությանը, եւ ճիշտ կլիներ, որ ՀՀ առողջապահության նախկին նախարար Ա. Մկրտչյանը (պաշտոնավարել է 2000-2003թթ.) բյուջետային հատկացումների համեմատությունը համախառն ներքին արդյունքի հետ դիտարկեր նաեւ մի փոքր այլ տեսանկյունից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների բազայում առկա տեղեկատվության (https://apps.who.int/nha/database/DataExplorerRegime.aspx/ World Health Organization, Global Health Expenditure Database) վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում կատարվող առողջապահության ընդամենը ծախսերում պետական ծախսերի տեսակարար կշիռը ներկայումս անցել է 40 տոկոսի սահմանագիծը՝ այն դեպքում, երբ 1997-ից 2003 թվականներին կազմել է համապատասխանաբար՝ 24-ից 27 տոկոս: Տնային տնտեսությունների գրպանից ծախսերը 2000թ. կազմել են 71, իսկ 2010-ին` 55%։ Համեմատության համար ասենք, որ ներկայումս Ադրբեջանի եւ Վրաստանի առողջապահության ընդամենը ծախսերի կառուցվածքում պետական ծախսերը համապատասխանաբար կազմում են 20% եւ 24%, իսկ տնային տնտեսությունների գրպանից ծախսերը համապատասխանաբար` 80% եւ 68%, այն պարագայում, երբ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալը Ադրբեջանում մոտ երկու անգամ գերազանցում է մեր նույն ցուցանիշը, իսկ Վրաստանի հետ մենք ունենք ՀՆԱ-ի նույն մակարդակը։ Այս թվերը պարոն Ա. Մկրտչյանին չեն կարող «ոգեւորել», քանի որ նրա կողմից իրականացվող համեմատությունները կատարվում են հիմնականում գերզարգացած տնտեսություն եւ ենթակառույցներ ունեցող այն երկրների հետ, որոնց մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ծավալը 6-7 անգամ բարձր է, քան մեր երկրինը։
2012-ի համեմատ 2013թ. առողջապահության ոլորտի բացարձակ թվերով հատկացումների 5,1 մլրդ դրամ ավելացումը ՀՀ առողջապահության նախկին նախարար Ա. Մկրտչյանի կողմից միայն նվազագույն աշխատավարձի եւ եկամտահարկի օրենքի փոփոխություններով բացատրելը կարելի է առնվազն մակերեսային մոտեցում համարել, քանի որ 5,1 մլրդ դրամ ընդհանուր ավելացման մեջ նրա կողմից հիշատակված ծախսերի տեսակարար կշիռը կազմում է ընդամենը 6,3% կամ շուրջ 300,0 մլն դրամ, այն դեպքում, երբ աճի 90%-ը կամ 4,6 մլրդ դրամը կապիտալ ծախսերի ավելացումներ են, որոնք ուղղված են հիմնականում մարզային առողջապահական կազմակերպությունների արդիականացմանը, եւ դա չնկատելն ու չնշելը, մեր կարծիքով, միտումնավոր է: 2013թ. շուրջ 190,0 մլն դրամ ներդրվելու է ոլորտի արդյունավետ գործունեության համար մեծ կարեւորություն ունեցող բժշկատնտեսագիտական, կլինիկական ստանդարտների, առողջապահության ազգային հաշիվների մշակման, առողջապահության ոլորտի արդյունավետության գնահատման եւ այլ մասնագիտական խորհրդատվական գործառույթներ իրականացնելու համար, ավելի քան 60,0 մլն դրամով ավելացվում են Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ծախսերը: Դե, եթե սա համարվում է «աճպարարություն», ապա պարոն Ա. Մկրտչյանի կողմից նմանատիպ ինչ պիտակավորում կտրվեր 2000-ից 2003 թվականներին սղաճի անհամեմատ ավելի բարձր տեմպերի պայմաններում, 4 տարվա հանրագումարով, պետական բյուջեից ընդամենը 74,9 մլրդ դրամ պլանավորված եւ 61,1 մլրդ դրամով կատարված առողջապահության ոլորտի հատկացումներին:
2. Եթե, ըստ պարոն Ա. Մկրտչյանի, պետական պատվեր հասկացության սկզբունքը ներկայումս չի արդարացնում իրեն, ապա կարելի է արձանագրել, որ այն առավել եւս չէր կարող արդարացնել լայնածավալ ընդգրկվածության եւ սուղ ֆինանսական հատկացումների պարագայում, ինչը հայտնի էր դեռեւս 90-ականների վերջերից, երբ պետական բյուջեն համակարգի նկատմամբ կուտակել էր ահռելի՝ 17,0 մլրդ դրամի պարտքեր։ Հենց այդ ժամանակ էր անհրաժեշտ բարի ցանկություններից անցնել լայնածավալ բարեփոխումներ իրականացնելուն՝ ինչպես առողջապահական ծրագրերի օպտիմալացման, այնպես էլ կամավոր եւ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման զարգացման ուղղությամբ:
3. Հանրությունը գերազանց տեղեկացված է եւ առօրյա կյանքում տեսնում եւ շփվում է առողջապահության ոլորտում ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթների արդյունավետ իրագործման հետ.
ա) 2008 թվականի հուլիսի 1-ից ներդրվեց «Ծննդօգնության պետական հավաստագրի ծրագիրը», որը բուժօգնության եւ սպասարկման որակական ցուցանիշների զգալի բարելավման հետ մեկտեղ շուրջ 10 անգամ կրճատեց ոչ պաշտոնական վճարումները ծննդօգնության ոլորտում, ինչը հաստատում են միջազգային ճանաչված տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները:
բ) 2011 թվականի հունվարի 1-ից, որպես ծննդօգնության պետական հավաստագրի տրամաբանական շարունակություն, ներդրվեց Երեխայի առողջության պետական հավաստագրի համակարգը: Այստեղ նույնպես նկատվում է բուժօգնության որակական ցուցանիշների բարելավում եւ մատչելիության զգալի բարձրացում, ինչի արդյունքում դիմելիությունն աճել է շուրջ 20%-ով: Ծրագրի անկախ փորձագիտական գնահատման արդյունքները վկայում են ոչ պաշտոնական վճարների ավելի քան 5 անգամ կրճատման մասին: Հարցմանը մասնակից մայրերի 79%-ը Երեւանում եւ 91%-ը մարզերում նշել են, որ գոհ են մատուցված ծառայություններից, քանի որ ստացել են ամբողջությամբ անվճար բուժօգնություն:
գ) Ներկայումս մշակման փուլում է բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված անձանց բուժօգնության պետական հավաստագրման քաղաքականությունը:
դ) Ինչպես ֆինանսական, կազմակերպչական, այնպես էլ տեխնիկական հագեցվածության առումով լուրջ բարեփոխման ենթարկվեց հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայությունը, որտեղ նույնպես նկատվում է մատչելիության զգալի բարձրացում:
Վերոհիշյալ եւ նմանատիպ այլ ծրագրերի ներդրումը եւ մինչեւ օրս դրանց հետեւողական իրականացումը հնարավոր է եղել ինչպես բյուջետային լրացուցիչ միջոցների հատկացումների, այնպես էլ ներքին ռեսուրսների արդյունավետ իրացման (կառավարման) շնորհիվ: Ծրագրերի բարձր արդյունավետությունն ապահովվել է բուժծառայությունների փոխհատուցման իրատեսական գների սահմանման եւ այդ ծրագրերում ընդգրկված բուժանձնակազմի աշխատավարձի զգալի բարձրացման միջոցով:
Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի «Տարածքային համաչափ զարգացման» առողջապահության ոլորտին վերաբերող դրույթները եւս իրականացվում են ամբողջությամբ. 5 տարիների ընթացքում հիմնանորոգվել եւ կառուցվել է մարզային 12 բժշկական կենտրոն, 54 ամբուլատորիա եւ առողջության կենտրոն՝ հագեցված արդի միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական սարքավորումներով։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ պետական միջոցներով հիմքից կառուցվել է Գյումրիի երրորդային մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ ախտորոշիչ եւ բուժման ամենավերջին սերնդի հզոր հնարավորություններով: Այս ամենը նույնպես նպատակաուղղված է տարածաշրջանային առումով բուժօգնության եւ սպասարկման մատչելիության եւ որակի բարձրացմանը:
Հավաստագրերի տեղայնացման, բուժօգնության եւ սպասարկման միեւնույն գործողությունների համար մարզերում եւ Երեւանում միեւնույն ֆինանսական հատկացումները կատարելու, մարզերից դեպի Երեւան ուղեգրումների կանոնակարգման, մարզային բուժհիմնարկներում պետական պատվերի համար նախատեսված ֆինանսական միջոցների տարածաշրջանային բաշխման նոր սկզբունքների ներդրման արդյունքում 2013թ. ակնկալվում է մարզերից դեպի Երեւան հիվանդանոցային դեպքերի հոսքի կրճատում եւ բյուջետային հատկացումների տարածքային համաչափ բաշխում:
Վերոհիշյալ ծրագրերի իրականացման արդյունքները ընդգծված կերպով վկայում են, որ քայլ առ քայլ իրականացվում եւ շարունակվում են իրականացվել ՀՀ նախագահի ծրագրի առողջապահության բարեփոխման նոր փուլի անցնելու եւ բժշկությունը բոլորի համար մատչելի դարձնելու դրույթները (թեզերը):
4. Կիսելով պարոն Ա. Մկրտչյանի «մտահոգությունը» բյուջեի՝ բնակչության բուժական ծրագրերի ուղղվածություն ունենալու, դրանց բազմազանության եւ ֆինանսական հատկացումների հետ անհամապատասխանության առումով՝ պետք է նշել, որ պետական առողջապահական նպատակային ծրագրերը եւ դրանցում ազգաբնակչության ընդգրկվածության աստիճանը 1999 թվականից ի վեր շատ չնչին փոփոխություններ են կրել, եւ առողջապահության բյուջեն 1999 թվականից սկսած՝ ունեցել է նույն ուղղվածությունը, ծրագրերի նույն բազմազանությունը, միայն թե այդ ծրագրերն իրականացվել են շուրջ 5 անգամ քիչ ֆինանսական հատկացումներով: Եվ տրամաբանական հարց է առաջանում` եթե 2000-2003թթ. պետական առողջապահական նպատակային ծրագրերը նույնն են եղել, եւ դրանք ճիշտ ընտրված չեն եղել, ապա ինչու փորձ չի արվել դրանք շտկելու եւ նման սուղ ֆինանսական հատկացումների պայմաններում «աճպարարության» ինչ մեխանիզմներ են կիրառվել, որպեսզի հասարակությունը խաբված վիճակում չհայտնվի:
5. «Ծխախոտի դեմ պայքարի ծրագրով» 100,0 մլն դրամի որպես ֆինանսավորող մարմին ՀՀ նախագահի աշխատակազմը դիտարկելը պայմանավորված է նախ եւ առաջ ծրագրի հույժ կարեւորությամբ, ապա նաեւ այն հանգամանքով, որ այս ծրագրում ընդգրկված եւ գործառույթների հետ առնչվող կանանց, երիտասարդության, բնապահպանական, սպառողների եւ այլ հասարակական կազմակերպությունները ներկայացնում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ, եւ առողջապահության նախարարությանը դժվար կլիներ իրականացնել ծրագրի շրջանակներում դրանց կառավարումը:
6. ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայումս ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ ներդնելու ուղղությամբ, ինչի համար դրական մեծ ազդեցություն կունենա «սոցիալական փաթեթի» փորձը, որին պարոն Ա. Մկրտչյանի կողմից տրվող ներկայիս գնահատականները վաղաժամ են, քանի որ համակարգը գործում է ընդամենը 8 ամիս:
Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում կարելի է ծանոթանալ ոլորտի բարեփոխումներին ՀՀ կառավարության եւ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի կողմից հաստատված առաջիկա 6-7 ամիսների ծրագրում, որի կատարումը լուծումներ կտա համակարգում տարիներ շարունակ կուտակված բազմաթիվ խնդիրների։
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Հ. Գ. Առողջապահության նախկին նախարար պարոն Ա. Մկրտչյանը բոլորից լավ պետք է իմանա, որ աշխարհում չկա որեւէ երկրի (այդ թվում՝ շատ զարգացած) առողջապահության նախարար, ով գոհ կամ բավարարված լինի պետության կողմից համակարգին հատկացված միջոցների չափից:
«Առավոտ» օրաթերթ