Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է վճռվել ԲՀԿ-ի ճակատագիրը

Նոյեմբեր 20,2012 13:17

Քաղաքական կոնսուլտացիաներն ու ԲՀԿ-ի շնորհակալությունը ՀՀԿ-ին

«ԲՀԿ-ի ճակատագիրը կարող են վճռել միայն ԲՀԿ-ի անդամները, մշտապես գործող տարածքային ղեկավար կառույցները, ինչպես նաեւ ԲՀԿ պառլամենտական խմբակցությունն ու ԲՀԿ-ի առաջնորդը: Մնացած՝ դրանից բխող եւ ածանցվող օժանդակ հարցադրումներն անտեղի են»,- «Առավոտի» հարցին այսպես պատասխանեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Պարոն Ուրիխանյանից հետաքրքրվել էինք՝ տեղյա՞կ է ինքը՝ վճռվե՞լ է ԲՀԿ-ի ճակատագիրը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արտերկրում էր, շաբաթվա կեսին անսպասելիորեն արձակուրդ մեկնեց նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ՀՀ գործող նախագահը, ԱԺ նախագահը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտերկրում հանդիպել են՝ վճռելու համար ԲՀԿ-ի ճակատագիրը: Ի դեպ, երեկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Մեդիամաքս» լրատվական գործակալության համանման հարցին պատասխանել էր. «Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր: Թերեւս կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց կուզենայի մի հռետորական հարց տալ. իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, Երեւանը թողած, հանդիպեն արտասահմանում: Կոնսպիրատիվ տեսության սիրահարներին առաջարկում եմ թողնել այս թեման եւ դադարեցնել խորհրդավոր հանդիպումների փնտրտուքը, առավել եւս՝ օտար երկրներում: Վստահ եմ, դա անպտուղ զբաղմունք է»:

Երեկ եւս մի ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ: Գյումրու նորընտիր ԲՀԿ-ական քաղաքապետը հայտարարել է, որ թիվ 35 ընտրատարածքում լրացուցիչ պատգամավորական ընտրություններում ԲՀԿ տեղական կառույցը սատարելու է ՀՀԿ-ական Արման Սահակյանին: Մինչդեռ օրերս ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը, ով այդ ընտրատարածքում պատգամավորի հավակնորդներից է, հայտարարել էր, որ թեեւ պաշտոնական բանակցություններ չեն եղել, բայց տեղի ընդդիմադիր կուսակցությունները սատարելու են իր թեկնածությունը: ԲՀԿ տեղական կառույցի այս որոշումը հատկապես ուշագրավ է դառնում ԲՀԿ-ՀԱԿ ներկայիս հարաբերությունների եւ մեկնարկած քաղաքական կոնսուլտացիաների ֆոնին, երբ փորձ է արվում կառավարման համակարգերի շուրջ համատեղ օրակարգեր գտնել: «Դա ԲՀԿ տարածքային կառույցի որոշումն է, որը բխում է բացառապես տեղական խնդիրներից եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվող անհատի՝ համապատասխան խնդիրները լուծելու իրավասությունների միջեւ զուգահեռներով»,- այսպես բացատրեց ԲՀԿ մամուլի խոսնակը սույն որոշումը: Նկատենք, որ ԲՀԿ քաղխորհրդի բավականին ազդեցիկ դեմքեր «դեմ» են եղել տարածքային կառույցի այդ որոշմանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին անձամբ նախագահ Սերժ Սարգսյանն էր առաջարկել Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվել, ու վերջինս ակնհայտ խախտումների արդյունքում ընտրվեց քաղաքապետ: Արդյոք սա Սամվել Բալասանյանի շնորհակալությո՞ւնն է նախագահին՝ «Առավոտի» հարցին Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Որոշակի շեղումների եւ խախտումների մասին ես, իհարկե, տեղեկություններ ունեմ, բայց ձեր կողմից մատնանշված ակնհայտ, ճչացող խախտումների մասին ինձ առանձնապես հայտնի չէ: Այո, դեն եմ նետում բոլոր չակերտներն ու փակագծերը եւ դիտարկում եմ նաեւ այդ համատեքստում. տարածքային կառույցը քայլը կատարել է՝ հաշվի առնելով նաեւ ՀՀԿ-ի տարածքային կառույցի՝ մեր կողմից առաջադրված թեկնածուին սատարելու հանգամանքը»: Տիգրան Ուրիխանյանը համաձայն չէ մեր այն դիտարկման հետ, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն հրապարակային անհամաձայնություններ են արտահայտում, սակայն լոկալ՝ տարածքային մակարդակներում սիրախաղերի մեջ են: «Սիրախաղեր բառն ինչքանո՞վ է տեղին: Տարածքում կան խնդիրներ: Տվյալ բնակավայրը, մեղմ ասած, շատ յուրօրինակ խնդիրներ ունեցող տարածք է, մենք քաղաքականության մեջ ենք, ինչն ունի իր համապատասխան ռազմավարությունն ու մարտավարությունը, եւ ոչ թե պատերազմի դաշտում, որտեղ ուժերի ազդեցությունը եւ հարաբերակցությունը պայմանավորում են բացառապես թնդանոթի փողի տրամաչափով: Ի՞նչ եք ակնկալում, որպեսզի մենք ի՞նչ անենք: Տվյալ դեպքում որոշում կայացնելու հնարավորությունը թողել ենք տարածքային կառույցին, որը որոշում կայացրել է՝ բացառապես հաշվի առնելով այն, որ ԲՀԿ-ն այդտեղ թեկնածու չի առաջադրել»:

ԲՀԿ մամուլի խոսնակը հավանական չի համարում, որ նույն մղումներից ելնելով՝ ԲՀԿ տարածքային կառույցները որոշումներ կայացնեն՝ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու վերաբերյալ: Ավելին, մեր այն հարցին, որ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ քաղաքական կոնսուլտացիաները առկախվել են, որովհետեւ արդեն եկող շաբաթ ԲՀԿ-ն պետք է հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, մեր զրուցակիցը հակադարձեց, որ ԲՀԿ-ում քաղաքական կոնսուլտացիաները առկախելու մասին պաշտոնական որոշում չկա: «Խոսք չի կարող լինել համապետական ընտրություններում կամ այլ իրավիճակի մասին, որտեղ կուսակցությունն իր շահն ունի: ԲՀԿ-ն թիվ 35 ընտրատարածքում թեկնածու չունի, ուստի որոշումը թողել է տարածքային կառույցին: Իհարկե, չեն կարող համապետական ընտրությունների վերաբերյալ տարածքային կառույցները որոշումներ կայացնել՝ առանց քաղաքական խորհրդի եւ կուսակցության ղեկավարության»,- ասաց Ուրիխանյանը՝ հավելելով, որ մոտենում է տրամաբանական ժամկետը, երբ ԲՀԿ-ն կհրապարակի նախագահական ընտրություններում իր մասնակցության ձեւի մասին որոշումը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930