«Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը արդյունքներ է տալիս, եւ Ադրբեջանը շարունակելու է ուժեղացնել այդ մեկուսացումը». սա, բնականաբար, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Դե, քաղաքականության մեջ ընդունված բան է՝ սեփական թիմին, տվյալ դեպքում՝ ազգին «դուխ տալու» համար պարբերաբար հայտարարում ես, որ քո հակառակորդը թույլ է, ճնշված է, մի հատ փչես՝ կընկնի: Ներքին քաղաքականության մեջ էլ է նույնը. ընդդիմությունը Հայաստանում 20 տարի ասում է՝ «խուճապահար ռեժիմը հոգեվարքի մեջ է», իշխանությունն էլ ասում է՝ «մեր դեմ խաղ չկա»:
Ալիեւի հայտարարության մեջ որեւէ սենսացիոն բան չկա՝ ցանկալին իրականի տեղ դնող նման գնահատականներով նա հանդես է գալիս առնվազն շաբաթը մեկ: Բայց քանի որ հիմա Հայաստանում նախընտրական շրջան է, մեր իշխանության ներկայացուցիչը՝ Գալուստ Սահակյանը, պնդում է, որ հայաստանյան «ընդդիմությունը տեղի՝ անտեղի պրովոկացիոն, անհեթեթ հայտարարություններով հող է պատրաստում նման (ալիեւյան- Ա. Ա.) հայտարարությունների համար»: Այսինքն՝ Ալիեւը ելույթ է ունենում իր սովորական հոխորտանքներով այն պատճառով, որ մեր ընդդիմությունն է հանդես գալիս իր մշտական «ռեպերտուարով»՝ «Հայաստանը կործանվում է», «երկիրը անդունդի եզրին է», «եւ ուրեմն, պետք է օր առաջ…» եւ այլն: Ահա թե ինչի վրա է հիմնվում Ադրբեջանի նախագահը: Եթե ընդդիմությունն ասեր, որ ամեն ինչ հրաշալի է, որ մենք տարածաշրջանային վագր ենք, ապա Ալիեւը կդիմեր իր ժողովրդին մոտավորապես հետեւյալ ուղերձով՝ «Հայաստանը շատ ուժեղ է, մենք չենք կարող նրան ծնկի բերել, հետեւաբար՝ պետք է ձեռ քաշել Ղարաբաղից»:
Ասածս այն է, որ թե Ադրբեջանի ղեկավարը, թե մեր ընդդիմությունը եւ թե, հատկապես, Գալուստ Սահակյանը ասում են այն, ինչ ձեռնտու է անձամբ իրենց եւ իրենց թիմերին: Ոչ մեկի ասածը պետք չէ դնել հալած յուղի տեղ: Բայց քաղաքական գործիչներին եւ նրանց խոսնակներին ես կխնդրեի խուսափել ծայրահեղացված գնահատականներից՝ խոսքը, բնականաբար, մերոնց մասին է. եթե Ալիեւը ցանկանում է խաբել իր ժողովրդին, դա նրա գործն է:
«Անդունդի եզրը» նույնքան սուտ է, որքան «նկատելի առաջընթացը», եթե խոսքը տնտեսության մասին է: «Համազգային լիդերը» նույնքան անթույլատրելի չափազանցություն է, որքան «ռեժիմի պարագլուխը»՝ ում մասին էլ դա ասվի: Խնդիրն այստեղ մեր քաղաքացիների նկատմամբ փոքր-ինչ ավելի նրբանկատ լինելն է. երբ դու չափից դուրս մեծ հույսեր ես արթնացնում, նույնքան մեծ է լինում հիասթափությունը: Կանցնի ընդամենը 3 ամիս, եւ մարդիկ կհասկանան, որ բոլոր կողմերից հնչող բոցաշունչ ճառերը նախընտրական արշավի թեեւ պարտադիր, բայց ոչ այնքան կարեւոր բաղադրիչներն էին: Մի հիացեք, որ հետո չհիասթափվեք:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ