Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը Նաիրա Զոհրաբյանին տարրական կուլտուրա է սովորեցնում. «Ես այստեղ հյուր եմ, փորձեք ձեզ պահել տանտիրոջ պես»

Նոյեմբեր 20,2012 12:34

 Այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ երբ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ ինքնախեղման դեպքերին, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շատ կոշտ արձագանքեց նրան. «Այսինքն՝ դուք շարունակում եք համարել ինքնախեղումները նորմալ երեւո՞ւյթ: Ձեզ համար պետք է առաջին հերթին պիտի լիներ աննորմալ երեւույթ»:

Նախարարը նույնպես տաքացավ ու սկսեց վիճաբանություն. «Պետք չի տասնյակ անգամ կրկնել դա»: Նա վստահեցրեց, թե լրագրողները համատեքստից դուրս են ներկայացրել իր ասածը, որ ինքը այլ բան է ասել, թե խոսել է միայն մեկ-երկու հոգու մասին:

Նշենք, որ նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ հրապարակվել է նաեւ տեսանյութով եւ առանց մոնտաժման: Մինչդեռ նախարարի հավաստմամբ՝ լրագրողները խեղաթյուրել են իր ասածը. «Եթե լրագրողը ասածիս համատեքստից մի բան որոշում է դուրս հանել, ես սա կարող եմ հասկանալ, բայց եթե դա անում է պատգամավորը, որոշակի հավակնություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչը, մեզ համար ոչ հասկանալի է, ոչ էլ ընդունելի: Եթե որոշ մարդկանց համար պարզ չէ՝ կրկնում եմ՝ երեւույթը երբեւէ չի կարող որեւէ մարդու համար նորմալ լինել: Ես ասել եմ, որ կան մարդիկ, որոնց համար սովորական են: Եթե ցանկություն ունեք՝ կարող եմ այդ մարդկանց հետ ծանոթացնել»:

Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց, որ հանդիպել են եւ որեւէ մեկի համար էլ դա սովորական բան չէ: Նրա խոսքերով՝ կալանավորներից բազմաթիվ բողոքներ են ստացել, թե այն հանձնաժողովը, որը գալիս է քննելու գործը, գալիս է ոչ ամբողջական կազմով. «Այսինքն՝ հանձնաժողովի որոշ անդամներ անգամ հարկ չեն համարում այցելելու եւ ողջ կազմով քննելու գործը: Ինչպե՞ս է հնարավոր կարգավորել այդ խնդիրը սուբյեկտիվ որոշումներից երեւույթը զերծ պահելու համար»: Նախարարը Նաիրա Զոհրաբյանին նետեց՝ «Ես այստեղ հյուր եմ, փորձեք ձեզ պահել տանտիրոջ պես եւ երբ հյուրը խոսում է, թույլ տվեք ավարտի: Տարրական կուլտուրա է: Մեկ-երկու հոգի կան, որոնք դա արել են 13-14 անգամ: Երբ վերջին անգամ հարցրեցի՝ ինչի ես դա արել՝ ասաց՝ դե, այդ անցքերը կան, ես շատ հեշտ անում եմ: Ինձ համար մտահոգիչ է ցանկացած երեւույթ եւ իմ ասածը վերաբերում էր միայն 1-2 հոգու»:

Նախարարը նաեւ նշեց, որ նոր համակարգը պետք է բացառի նաեւ դա եւ պետք  է կարողանան դատապարտյալներից վերցնեն բոլոր կտրող, ծակող գործիքները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930