Հատված Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից:
–Կառավարման համակարգը փոխելու եւ 100 տոկոս համամասնական ընտրությունների անցնելու գաղափարը կարո՞ղ է դառնալ համախմբող գործոն, որի շուրջ կարող են միավորվել հակադիր գաղափարական բեւեռներում գտնվող այնպիսի ուժեր, ինչպես ՀԱԿ–ը եւ Դաշնակցությունը։
-Այդ գաղափարը շրջանառության մեջ է դրվել տակտիկական նկատառումներով։ Դրա փոխարեն ԲՀԿ-ն կարող էր առաջ քաշել ցանկացած այլ հարց՝ ԼՂՀ ճանաչում, ռազմական դաշինք Արցախի Հանրապետության հետ եւ այլն։ Այս նախաձեռնությամբ ուղղակի փորձ է արվում «զոնդաժ» անել՝ տրամադրություններ շոշափել. արդյոք քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը, պատրաստ կլինե՞ն ինչ-ինչ պայմաններում սատարել «Բարգավաճ Հայաստանին», եթե վերջինս, այնուամենայնիվ, որոշի սեփական թեկնածուով մասնակցել նախագահական ընտրություններին։
Սրանով է նաեւ պայմանավորված Հանրապետականի սպասողական եւ բավական կոշտ արձագանքը ԲՀԿ առաջարկությանը, որովհետեւ այս քաղաքական նախաձեռնության իմաստը բոլորի համար պարզ է. խորհրդարանական համակարգի անցնելու գաղափարը ԲՀԿ ֆունկցիոներների կողմից դրվել է շրջանառության մեջ ոչ թե կառավարման մոդելը փոխելու, այլ կոնկրետ՝ սպասվող նախագահական ընտրությունների շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու նպատակադրումով։
–Եթե սա համարենք քաղաքական տեխնոլոգիա, այդ գաղափարը որքանո՞վ կենսունակ է հանրության հետաքրքրությունը շարժելու տեսանկյունից՝ նկատի ունենալով, որ ընտրողը մեծ հաշվով անտարբեր է «համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական», «խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական» երկընտրանքի նկատմամբ։
-ԲՀԿ-ի առաջարկը ընտրողին չի ուղղված, այլ քաղաքական ուժերին։ Այդ առումով, նախաձեռնությունն իսկապես ավելի շուտ տեխնոլոգիական նշանակություն եւ շատ կոնկրետ ուղղվածություն, այդ թվում՝ կոնկրետ ժամանակային ուղղվածություն ունի։ Այս առաջարկը կարող է շարունակություն ունենալ, եթե այս կոնսուլտացիաներին մասնակցող քաղաքական ուժերը ամենաուշը մինչեւ դեկտեմբերի սկզբները նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով մասնակցելու որոշում ընդունեն։ Եթե դա տեղի չունենա՝ արդեն մի քանի ամիս հետո բոլորը կմոռանան այդ գաղափարի մասին։
Այս պահին գլխավոր բանակցություններն ընթանում են առաջին հերթին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, եւ այդ բանակցությունների արդյունքից կամ, հակառակը, տապալումից են կախված մնացած բոլոր հնարավոր կոմբինացիաները։ Հասկանալի է, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» եւ Հանրապետականը ինչ-որ որոշման հանգեն, ապա լծակների վերաբաշխումը տեղի կունենա հիմնականում այս երկու ուժերի միջեւ։
Հակառակ դեպքում երկրորդ էշելոնի քաղաքական ուժերը կփորձեն ներգրավվել տարբեր ձեւաչափերում եւ գտնել իրենց տեղը քաղաքական արեւի տակ։ Խոսքը վերաբերում է ե՛ւ «Ժառանգությանը», ե՛ւ ՀԱԿ-ին, ե՛ւ Դաշնակցությանը։ ՕԵԿ-ը, ինչպես հայտնի է, իր ապագան կապում է բացառապես Հանրապետականի հետ։
–Ասել է թե՝ բացառված չէ, որ ԲՀԿ-ն, ի վերջո, կսատարի գործող նախագահին, եւ այս քաղաքական խորհրդակցություններն էլ նախաձեռնել է ՀՀԿ-ի հետ «սակարկություններում» նպաստավոր դիրքերից ներկայանալո՞ւ համար։
-Համոզված չեմ, թե ԲՀԿ-ի ընդդիմադիր (կամ կիսաընդդիմադիր) կեցվածքը զուտ ձեւական բնույթ ունի։ Չմոռանանք, որ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն, համենայն դեպս, չմիացավ Հանրապետականին, որովհետեւ կային բաներ, որոնք ընդունելի չէին ԲՀԿ-ի համար։ Այլ խոսքով՝ ՀՀԿ-ն չարեց այն առաջարկը, որից «Բարգավաճը» չէր կարող հրաժարվել։
Այս առումով, ձեր ասածը, իհարկե, տրամաբանական է, բայց ԲՀԿ-ն բացառություն չէ. բոլոր քաղաքական ուժերն են առաջնորդվում այդ տրամաբանությամբ, փորձում առավելագույնս օգտագործել իրենց ռեսուրսները ե՛ւ ընտրական գործընթացում, ե՛ւ բանակցություններում, ե՛ւ նաեւ հնարավոր կոալիցիաներում իրենց կշիռը եւ վարկանիշը բարձրացնելու համար։ Այդ տեսակետից ոչինչ դեռեւս կանխորոշված չէ։
Նույն ձեւով, ինչպես ժամանակին շատ քաղաքական գործիչներ, մեկնաբաններ համոզված էին, որ ԲՀԿ-ն անպայման կմտնի կոալիցիայի մեջ, չի բացառվում, որ այս դեպքում էլ չսատարի գործող նախագահին։ Իսկ թե «Բարգավաճը» ինչ քաղաքական որոշում կընդունի՝ կախված կլինի նրանից՝ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը համաձայնության կգա՞ն, թե՞ ոչ։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»