Ազգային ժողովի շենքում երեկ տեղի ունեցած ՀՅԴ-ՀԱԿ հանդիպումը, կարելի է ասել, ապշեցրեց շատ-շատերին: Սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվորեն քննարկել հատկապես այս հանդիպումը, շատերը հիշեցին 1990-ականները, երբ ՀՀՇ-ական իշխանության հրահանգով բանտերում հայտնվեցին դաշնակցական գործիչները, որոնցից մեկը` Արմեն Ռուստամյանը, ով զարմանք, երեկ երկու ժամ բանակցում էր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Մարդիկ նաեւ հիշեցին եւ բոլորին հիշեցրին, որ այն ժամանակ Արմեն Ռուստամյանը քաղբանտարկյալ էր, իսկ այդ ընթացքում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում Լեւոն Զուրաբյանը հանդես էր գալիս ՀՅԴ-ի ու նրա գործիչների դեմ: Ամենաստոր բովանդակությամբ այդ հոդվածները Զուրաբյանը ստորագրում էր «Եվգենի Կուրղինյան»:
Եվ երեկ սոցցանցերում հիշելով այդ ամենը, մարդիկ հարցնում էին` հետաքրքիր է, հիմա ՀՅԴ-ՀԱԿ բանակցություններում Զուրաբյանը ինչ անունով է ներկայացել` ի՞ր, թե՞ Կուրղինյանի:
Այս հանդիպման մասին սոցցանցերում այլ մեկնաբանություններ էլ կային, քիչ չէին նաեւ նրանք, ովքեր մեղադրում էին Դաշնակցությանը, որ համաձայնել է բանակցել ՀԱԿ-ի հետ. «Դաշնակցությունից այսպիսի ցածր քայլ չէին սպասում»,- հիասթափված նկատել էր օգտատերերից մեկը: «Զավեշտ է, զոհը հանդիպում է իր դահճի հետ»,- գրել էր մեկ ուրիշը:
Բայց, ինչպես ասում են, եղածն արդեն եղել է: Եվ կողմերը բանակցություններից հետո խանդավառված հայտարարեցին, թե հանդիպումը հուսադրող էր, քանզի իրենք արձանագրել են փաստը, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում, եւ որ այսպես չի կարող շարունակվել. «Կան ընդհանրություններ, ընդհանրական ընկալումներ եւ, բնականաբար, շատ նորմալ զրույց եղավ»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ.Զուրաբյանը:
ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»