Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղարի՝ ընդդիմությունն իր տեսլականը չունի նախագահական ընտրություններում

Նոյեմբեր 20,2012 12:07

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ հարցազրույցից:

 

– ՀՀԿ Ձեր գործընկերներն արդեն հայտարարել են, որ նոյեմբերի 21-ին ՀԱԿի՝ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնության համար քվորում չեն ապահովելու։ ՀՀԿն ինչոր բանից վախենո՞ւմ է։

– Իսկ ինչո՞ւ պետք է մասնակցի։ ՀՀԿ-ն՝ ի դեմս երկրի գործող նախագահի, ով հանդիսանում է նաև մեր կուսակցության նախագահը, առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու է լուրջ գործընթացի, այսինքն՝ մենք հայտարարել ենք, որ ունենք մեր թեկնածուն, և այսօր գործընթաց է իրականացվում ամբողջ ՀՀԿ-ում՝ սկզբնական կառույցներում՝ ժողովներ, պատվիրակների ընտրություններ, թեկնածուների մասին քննարկումներ և առաջադրումներ։ Այս փուլում բերել և ասել՝ Ընտրական օրենսգիրք, կոնսուլտացիաներ, բանակցություններ, կառավարման ձևի փոփոխություններ՝ առնվազն անլուրջ է ինձ համար։ Եվ ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Գրիգորիչն է ասել՝ մենք այդ ոչ իրական պատկերացումներից կամ գործողություններից դուրս ենք, որովհետև պատկերացնում ենք նախագահական ընտրությունները և, բառիս բուն իմաստով՝ այդ գործընթացը նախընտրական ժամանակահատվածում։ Եվս 15-20 օր՝ մենք գտնվելու ենք քարոզարշավի ժամանակաշրջանում, և մենք՝ որպես իշխող կուսակցություն, պարտավոր ենք ոչ միայն մասնակցել և հաղթել, այլև ապահովել նորմալ ընտրական գործընթացներ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է բավական մեծ էներգիա, գործողություններ, ժամանակ։ Եվ իշխանությունը՝ որպես այդպիսին, երևույթներին նայում է ոչ թե քաղաքական աժիոտաժ կամ սակարկումներ ապահովելու, այլ գործողությունների պարտականություն ունենալու տեսանկյունից։

Բազմիցս խոսվել է՝ նաև ՀՀԿի կողմից, արդար ընտրությունների անցկացման մասին, իսկ այս արտահերթ նիստը՝ ըստ նախաձեռնողների, նաև միտում ունի դրա ապահովմանը։ Ի՞նչն է ՀՀԿին հետ պահում։

– Մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից մինչ օրս կար բավական ժամանակ, և արտահերթ նիստ կարելի էր կազմակերպել հենց ամռանը, երբ քննարկելու երկար ժամանակ կար։ Պատկերացրեք՝ մենք

ընդառաջ ենք գնում և բարեփոխում ենք Ընտրական օրենսգիրքը, էլ չեմ ասում, որ այնտեղ կան ԱԺ ընտրություններին վերաբերող մի շարք դրույթներ, որոնք տեղի են ունենալու 2017թ.: Այսինքն՝ այսօր մենք այս կարևոր գործընթացի հիմքում դնում ենք 2017թ. արդար, թափանցիկ ընտրությունների գաղափարը։

Այսինքն՝ ՀՀԿին շեղո՞ւմ են։

– Պատկերացնենք՝ արտահերթ նիստը տեղի է ունեցել, ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել, 10 օր անց օրենքը մտել է ուժի մեջ, և բուն ընտրությունների ժամանակ գալիս ենք մի քաոսային իրավիճակի, երբ ընտրական գործընթացի կազմակերպիչները՝ հանձնաժողովի անդամները և այլք, չեն տիրապետում բուն օրենսգրքի տառին ու ոգուն։ Սա անլուրջ է, և եթե միտումը չլիներ քաղաքական աժիոտաժ ստեղծելը, ապա ավելի շուտ կանեին։ Իսկ իմ կարծիքով՝ և՛ կոնսուլտացիաների, և՛ ժամանակավոր հանձնաժողովների պատճառն այն է, որ ընդամենն իրենց տեսլականը չունենալով նախագահական ընտրություններում, իրենց մեղքով իրենց թիմի մեջ ունենալով խնդիրներ, գտնվելով մի շրջափակման մեջ՝ փորձում են գտնել ինչ-որ բանաձև, որպեսզի մասնակցեն ընտրություններին, որպեսզի ասելիք ունենան։ Ժողովուրդը ասելիքի սպասելիք ունի բոլորից՝ և՛ ՀՀԿ-ից, և՛ «Ժառանգությունից», և՛ ՀԱԿ-ից, և՛ ԲՀԿ-ից, և՛ «Օրինաց երկրից»:

Մարինե Մարտիրոսյան

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930