Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին կսատարի «մարզային կառույցներո՞վ»

Նոյեմբեր 20,2012 12:00

 Երեկ տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Շիրակի մարզի մի մասն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում սատարելու է ՀՀԿ-ական Արման Սահակյանին։

Այդ տեղեկությունը ԲՀԿ-ի կողմից ոչ միայն չի հերքվել, այլև սպասվում է, որ կամ այսօր մինչև երեկո, կամ վաղը ԲՀԿ-ի Շիրակի մարզային կառույցը հանդես կգա Արման Սահակյանին սատարելու մասին պաշտոնական հաղորդագրությամբ։ Սա բավական հետաքրքիր զարգացում է հայաստանյան ներկայիս քաղաքական իրողությունների պարագայում և հերթական անգամ ցույց է տալիս, թե ինչ է նշանակում՝ լինել «այլընտրանք», ինչպես որ իրեն հռչակել է ԲՀԿ-ն։

Փաստորեն, մի ուժ, որը հանրային ընկալման մեջ փորձ է անում ներկայանալ՝ որպես իշխանության դեմ պայքարող, փոփոխությունների ձգտող կուսակցություն, պաշտպանում է Հայաստանի ներկայիս «խայտառակ վիճակի համար պատասխանատու» կուսակցության՝ ՀՀԿ-ի թեկնածուին։ Ընդ որում, խոսքը մի թեկնածուի մասին է, ում նկատմամբ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում և այդ հաղթանակը ԲՀԿ-ի կողմից ներկայացվեց՝ որպես լրջագույն ձեռքբերում «իշխանության դեմ պայքարում»։

Իրավիճակը ծիծաղելի և, միաժամանակ, անհեթեթ է նաև նրանով, որ ԲՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավարը հենց նույն Մարտուն Գրիգորյանն է։ Փաստորեն, վերջինս պատրաստվում է պաշտպանել ընդամենը վեց ամիս առաջվա իր հակառակորդին։ Սամվել Բալասանյանի պարագան էլ, տվյալ դեպքում, հետաքրքիր է նրանով, որ հենց վերջինիս զբաղեցրած ընտրատարածքում է առաջադրվել Արման Սահակյանը։

Այդ ընտրատարածքն ազատվեց այն բանից հետո, երբ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանի առաջարկությամբ առաջադրվեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում և ընտրվեց նաև ՀՀԿ-ի պաշտոնական սատարման արդյունքում։ Այսինքն՝ հիմա ԲՀԿ-ն փոխհատուցում է ՀՀԿ-ին՝ Սամվել Բալասանյանին սատարելու դիմաց։ Այն տարբերությամբ, որ Բալասանյանին սատարում էր ՀՀԿ-ն՝ նրա և հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Արման Սահակյանին սատարելու է ԲՀԿ-ի ընդամենը մարզային կառույցը՝ Մարտուն Գրիգորյանի ղեկավարությամբ։

Սակայն սա ոչ թե ԲՀԿ-ի «ժլատության», այլ ներկայիս քաղաքական զարգացումների առանձնահատկության արդյունքն է, եւ ՀՀԿ-ն ու Արման Սահակյանը, թերեւս, ըմբռնումով կմոտենան, որ անձամբ Գագիկ Ծառուկյանը չի հայտարարում նրան սատարելու մասին։ Հիմա ԲՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ պայքարում է իշխանության դեմ, և մի փոքր սխալ կհասկացվեր, եթե կուսակցությունը՝ կենտրոնական գրասենյակի մակարդակով հայտարարեր, որ սատարում է իր պայքարի «թիրախ» հանդիսացող ուժի թեկնածոփն։

Այդ առումով մարզային կառույցի մակարդակով «հակառակորդ» քաղաքական ուժի ներկայացուցչին սատարելու պրակտիկան կարող է օգտակար լինել ԲՀԿ-ի համար։

Իհարկե, անգամ տեսականորեն դժվար է պատկերացնել, որ ԲՀԿ-ի որևէ կառույց կարող է անգամ սեփական աղբահան մեքենաներն օգտագործելու մասին որոշում կայացնել՝ առանց կուսակցության կենտրոնական գրասենյակի ու Գագիկ Ծառուկյանի թույլտվության։ Սակայն մարզային կառույցների առկայությունը թույլ է տալիս գոնե քարոզչական մակարդակում «արդարանալ»՝ մինչև հայտնի կլինեն ԲՀԿ-ի անելիքները։

ԲՀԿ-ն հիմա այնպիսի իրավիճակում է, որ ամեն օր կարող է որոշում կայացվել Սերժ Սարգսյանին սատարելու մասին։ Բայց դա այնքան էլ հեշտ չի լինելու՝ հասարակությանը ներկայացնելու տեսանկյունից։

Այդ հարցում կարող են օգնության հասնել ԲՀԿ-ի մարզային կառույցները։ Ասենք՝ հանրապետության 10 մարզային կառույցները կարող են հայտարարել 2013 թվականի նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին, ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակն էլ՝ հետևելով շարքերի պահանջին, կարող է ընդառաջել նրանց կամ հայտարարել, որ ընդհանրապես չի մասնակցում ընտրություններին:

Միքայել ՍԱՀԱԿՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930