Նոյեմբեր 16-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայտարարել էր. «Անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ»։
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան
– Պարոն Ղահրամանյան, Ձեր մարզում որքա՞ն «բաց» աշխատատեղեր կան։ Ձեր մարզում էլ բնակչությունը նախընտրում է չնչին նպաստ ստանալ, բայց բարձր աշխատավարձով չաշխատել։
Կարդացեք նաև
– Մեր մարզը հանրապետության երեւի միակ մարզերից մեկն է, որ գյուղատնտեսության հիմնական արտադրատեսակների արտադրությամբ է զբաղվում եւ տարվա կտրվածքով փետրվարից մինչեւ նոյեմբեր ամիս գյուղատնտեսության բնագավառում աշխատատեղեր ունի։ Եւ մեկ օրվա վարձը գրեթե 5 հազար դրամ է, դեռ ընդմիջմանն էլ սուրճ ու շոկոլադ են տալիս։
– Մարդիկ աշխատո՞ւմ են շոկոլադով եւ սուրճով ընդմիջումների պայմաններում, թե՞ գերադասում են աղքատության նպաստ ստանալ։
– Ես մի հասարակ օրինակ բերեմ. Էջմիածնում «դոմիկում» ապրող մի ընտանիք ունենք, որտեղի բնակիչը գնում էր նպաստներ ստանալու, եւ երբ մենք իրեն առաջարկեցինք աշխատանք Էջմիածնի սանմաքրման գրասենյակում 80-90 հազար դրամով, ասաց՝ ավելի լավ է ես ողորմություն խնդրեմ։ Էդ բնակիչն ասաց,թե դրանով ավելի շատ գումար կստանա։
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյան
– Պարոն Շահգալդյան, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե բնակչությունը նախընտրում է նպաստ ստանալ, միայն թե չաշխատի։ Ձեր մարզում իսկապե՞ս նման իրավիճակ է տիրում։
– Նախ՝ ես գործուղման մեջ էի, վերադարձել եմ երեկ, այսօր եմ անցել աշխատանքի (երեկ-Ս. Գ.), վարչապետի հայտարարությանը ծանոթ չեմ։
– Բայց պետք չէ ծանոթանալ վարչապետի հայտարարությանը, խնդրում եմ որպես մարզպետ ուղղակի ասեք՝ Ձեր մարզում աշխատատեղեր կա՞ն, եւ արդյոք ՀՀ քաղաքացիները հրաժարվում են աշխատել։
– Դե հիմա ես էլ ասում եմ՝ ծանոթ չեմ վարչապետի հայտարարությանը, հետո էլ մարզպետարանն աշխատատեղ առաջարկող հիմնարկ չէ։ Զբաղվածության կենտրոններն են տեղյակ՝ կան աշխատատեղեր, թե ոչ։ Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք չեն ուզում աշխատել, բայց հո մասսայական էդպե՞ս չէ։ Մարդ կա՝ աշխատանք է ուզում՝ աշխատելու, եկամուտ ունենալու համար, մարդ էլ կա՝ չի ուզում աշխատի, իհարկե կան։
– Այսինքն՝ մարզում առաջարկվում է 100-120 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղ, բայց քաղաքացիները նախընտրում են 30-50 հազար դրամ նպաստ ստանալ։
– Նույնիսկ մարդ կա՝ չի էլ նախընտրում նպաստ ստանալ, այլ օրվա վարձով է ուզում աշխատի՝ 4000–5000 դրամ։ Հիմա ես ծանոթ չեմ վարչապետի հայտարարությանը, կարող է մի ընդհանուր բանի մասին է խոսք եղել, վարչապետն էլ շատ ճիշտ արտահայտվել է։ Հարցրեք էն մարզպետերից, որոնք այդ պահին այդ մասին տեղեկացել են։ Դրա համար պետք է նաեւ աշխատաշուկայի ուսումնասիրություններ կատարեք, կպարզեք՝ աշխատատեղեր կան, թե ոչ։ Մարզպետարանն աշխատատեղերի հաշվեգրում չի անում եւ այդպիսի տեղեկատվության չի տիրապետում։
Հ. Գ. Հետաքրքիր է՝ ՀՀ վարչապետը որ մարզի մասին էր խոսում:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»