Նկարում երեւացող «Rolls royce» մակնիշի 013օօ11 համարանիշով ավտոմեքենան պատկանում է Երեւանի Էրեբունու երկարամյա թաղապետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր): Այս մարդն ի պաշտոնե իրավունք չի ունեցել բիզնեսով զբաղվել, ուստի առնվազն տարօրինակ է, թե 30 տոկոսով աղքատ մեր երկրում ինչ միջոցներով է գնել գերթանկարժեք այս ավտոմեքենան։
Նշենք, որ«Rolls royce»-ի այս մոդելը Եվրոպայում վաճառվում է մոտ 500 հազար ԱՄՆ դոլարով։
Բայց սա դեռ ամբողջը չէ։ Մ. Սեդրակյանն ԱԺ պատգամավորի համարներով էլի մի մեքենա ունի։ Նրան պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 01 MM 005 համարանիշերը վերջերս փոխվել են 051 օօ 01 պատգամավորական համարանիշերով։ Այս «ժեստը» նրան արել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որպեսզի Սեդրակյանն անարգել մտնի խորհրդարանի տարածք։ Հիշեցնենք, որ օօ 01 համարանիշերով ավտոմեքենա վարելու իրավունք ունեն բացառապես ԱԺ հանձնաժողովների ղեկավարները, տեղակալները կամ խմբակցության ղեկավարները։ Բայց Մ. Սեդրակյանը, լինելով ԱԺ շարքային պատգամավոր, շնորհիվ Հ. Աբրահամյանի, օօ01 համարանիշեր ունի:
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչ արժանիքի համար է Սեդրակյանը նման արտոնություններից օգտվում, բայց չստացվեց։ Այս պատգամավորը, ինչպես յուրաքանչյուր «իրեն հարգող» մանդատավոր, մամուլի խոսնակով է շրջում ԱԺ-ում։ Եվ ահա այդ խոսնակը փոխանցեց, թե չեն ցանկանում տեղեկությունը մեկնաբանել։
«Ժողովուրդ»