Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապեւո Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայանալիք պատգամավորական ընտրություններում կսատարի ՀՀԿ-ական Արման Սահակյանին։ Այսպիսով, մեկ անգամ եւս ապացուցվեց, որ ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիան միանգամայն կենսունակ եւ բնականոն քաղաքական միավորում է, եւ որ իշխանական երկու ուժերի միջեւ ջենթլմենական պայմանավորվածությունը գործում է։ ՀՀԿ-ն օգնում է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին՝ զբաղեցնելու Վարդանիկի գահը, փոխարենը ԲՀԿ-ն պաշտպանում է ՀՀԿ-ական Արման Սահակյանին Սամվել Բալասանյանի ազատված մանդատին տիրանալու հարցում։ Քաղաքապետ Բալասանյանի խոսնակ Զոհրապ Եգանյանը դեմ է նմաև եզրահանգմանը։ Նա ասում է. «Մեծամասնական ընտրակարգով ընտրությունները, մանավանդ մարզերում, գլխավորապես անձերի ընտրություն են, եւ կուսակցական պատկանելության հարցն այստեղ այնքան էլ կարեւոր չի»։
Բայցեւայնպես, վերջին զարգացումները Գյումրիում ապացուցում են, որ իրականում երկու իշխանական ուժերի միջեւ հակասություն չկա, եւ հենց որ իրական ընդդիմությունն է խաղի մեջ մտնում, ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն անմիջապես այնպես են դիրքավորվում, որ իշխանության գնդակն իրարից ընդունեն, եւ արանքում անցանկալի մեկը չհայտնվի ու չտիրանա այդ գնդակին։
Տվյալ դեպքում անցանկալին ՀԱԿ թեկնածու, Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանն է, որի դեմ արդեն գործի է դրվել վարչական ռեսուրսը։ Մեր տեղեկություններով, գյուղապետերին հրահանգ է տրվել ամեն ինչ անել Կոնգրեսի թեկնածուի մարզային արշավները խոչընդոտելու համար։ Սա, ըստ կոնգրեսական թեկնածուի, նույնիսկ ամրապնդել է նրա դիրքերը. «Գյումրիի երեք տեղական կառույցներից մեկը՝ թիվ 35 ընտրատարածքի կառույցը, ի դեմս Սամվել Բալասանյանի, հայտարարում է, որ իր հակակարկտային, շինարարական, ջրագծային, խողովակափոխության եւ այլ նմանատիպ ծրագրերի շարունակությունը տեսնում է Արման Սահակյանի կարողությունները, նրա աջակցությունը ստանալու մեջ։ Ինձ դա չի մտահոգում, եթե, տիրապետելով իրավիճակին, չասեմ, որ հակառակը՝ դա քվեներ է ավելացնելու ինձ»:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
«Հրապարակ»