Ադրբեջանի բոլոր լրատվական գործակալությունները երեկ հաղորդագրություն են տարածել մի ընդհանուր, այն էՙ իլհամալիեւյան աշխատակազմի կողմից «նշանակված» խորագրի ներքոՙ «Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունները հասանելի չեն»: Հենց այդպե՞ս է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունը սահմանել սեփական քաղաքացիներին հղված ասելիքը, թե՞ ոչ, տվյալ իրավիճակում կարեւոր չէ:
Մեզ համար առավել էական են ԱՄՆ պետդեպի «ուղերձի» դիվանագիտական ձեւակերպումները: Ի մասնավորի, «ուղերձում» ասվում է. «Չընդհատվող ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում անհասանելի են դարձնում ԱՄՆ քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունները»: Այդ մասին տեղեկագրում է 1news.az-ը:
Ըստ երեւույթին, Միացյալ Նահանգների պետդեպը Լեռնային Ղարաբաղը շփոթել է Սիրիայի կամ այլ երկրի հետ, որտեղ, ոչ առանց Վաշինգտոնի օժանդակության, իրոք շարունակվում են ռազմական գործողությունները: Կամ, թերեւս, ադրբեջանական լրատվամիջոցն է իր համար ցանկալին ներկայացրել իրականության տեղ: Ամեն դեպքում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները պետք է քաջատեղյակ լինի, որ ղարաբաղա-ադրբեջանական զինված հակամարտության գոտում 1994թ. մայիսից ի վեր գործում է զինադադարի ռեժիմ, որի մասին համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ նախ Բիշքեկում, ապաՙ Մոսկվայում:
Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, պետդեպի հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը իր քաղաքացիներին կոչ է անում «ծայրահեղ զգուշության հայկական եւ ադրբեջանական զորքերիՙ Լեռնային Ղարաբաղի շուրջը եւ հայ-ադրբեջանական սահմանի վրա շփման գծի մերձակայքում» եւ ավելացնում, որ «այստեղ պարբերական հրաձգությունը շարունակվում է, ինչը հաճախ հանգեցնում է մահվան եւ վիրավորվելու դեպքերի»:
Կարդացեք նաև
Պետդեպն, ըստ էության, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս ոչ թե առհասարակ չայցելել ԼՂՀ կամ այցելելու դեպքում ընդհանրապես «զգուշավորություն ցուցաբերել», այլ ընդամենը հորդորում է, որ Միացյալ Նահանգների քաղաքացիները ԼՂՀ այցելության ժամանակ հնարավորինս ձեռնպահ մնան «Լեռնային Ղարաբաղի շուրջը եւ հայ-ադրբեջանական սահմանիՙ հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հայտնվելուց», քանի որ «այնտեղ շարունակվում է պարբերական հրաձգությունը, ինչը հաճախ հանգեցնում է մահվան եւ վիրավորվելու դեպքերի»:
Այս առթիվ դիտարկումները կարող են թվալ սոսկ մտավարժանք: Բայց փորձենք երեւույթը, անգամ դրա ադրբեջանական քարոզչության մատուցմամբ, գնահատել ԱՄՆ սովորույթների համատեքստում: Ընդունված պրակտիկայովՙ Միացյալ Նահանգները որեւէ երկիր կամ տարածաշրջան իր քաղաքացիների այցելությունը չերաշխավորելու հանգամանքը պայմանավորում է տվյալ պետության իշխանությունների կամ տեղաշրջանը վերահսկող ուժերի հանդեպ անվստահությամբ: Որպես կանոն, պետդեպը խոսում է որեւէ երկրի վարչախմբի կողմից իրավիճակը վերահսկելու անկարողության, այնտեղ մարդու իրավունքների խախտման եւ անվտանգության տարրական երաշխիքների բացակայության մասին:
Այս դեպքում ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը հղում է արել միայն «ԼՂ շուրջը եւ հայ-ադրբեջանական սահմանի վրա զորքերի շփման գոտում պարբերական հրաձգությունների» վրա: Եվ քանի որ խոսքը վերաբերել է ԼՂ-ում ԱՄՆ քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունների «անհասանելիությանը», հետեւաբար Միացյալ Նահանգների պետդեպը փաստորեն ասել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելող ԱՄՆ քաղաքացիները երաշխավորված չեն, որ չեն դառնա ադրբեջանական կողմի կրակոցների զոհ կամ չեն վիրավորվի, եթե «հայտնվեն ԼՂ շուրջը եւ հայ-ադրբեջանական սահմանի վրա հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի մերձակայքում»:
Ասվածը եթե դիվանագիտական լեզվից «թարգմանենք», ապա կստացվի, որ ԱՄՆ կառավարությունը ԼՂՀ այցելած իր քաղաքացիների անվտանգության համար զգուշանում է ոչ թե ԼՂՀ իշխանություններից կամ «ոչ ֆորմալ խմբավորումներից», այլ հատկապեսՙ ադրբեջանական կողմից: Այսինքն, իր քաղաքացիների համար ԱՄՆ-ը վտանգավոր է համարում ադրբեջանական կողմի գործողությունները:
Այսքանից հետո պարզապես զարմանալի է, թե ինչո՞ւ ադրբեջանական մամուլը լայնորեն լուսաբանել է ԱՄՆ պետդեպի հայտարարությունը: Կամ չեն հասկացել դիվանագիտական ակնարկները, ինչը շատ հավանական է ՄԳԻՄՕ-ի երկտարեցի շրջանավարտ նախագահ ունենալու դեպքում, կամ լկտիացել են այն աստիճան, որ ամերիկյան կողմին փորձում են պարտադրել ասել այն, ինչ Վաշինգտոնը չի ցանկանում:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Ազգ»