Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյանն ընդունեց Քոչարյանի նետած ձեռնոցը

Նոյեմբեր 20,2012 10:48

Հայաստանի իշխանական երկու թևերի` ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև առկա հակասությունների գործընթացը, որ վերածվել է ներքաղաքական առանցքի, զարգանում է ակնհայտ զիգզագաձև ընթացքով: Մեկ այդ ուժերը սուր հակադրության մեջ են, մեկ էլ տեղի են ունենում ակնհայտ պայմանավորվածություններ:

Օրինակ` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել են թիվ 35 ընտրատարածքում, որտեղ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ իր թափուր թողած մանդատի համար պայքարում սատարելու է ՀՀԿ-ական թեկնածու Արման Սահակյանին, որը «Սովրանո» ընկերության սեփականատերն է: Հետաքրքրական է, որ նրա մրցակիցը լինելու է ՀԱԿ տարածքային կառույցի ղեկավարը, բայց Բալասանյանը ոչ թե նրան, այլ ՀՀԿ-ին է սատարելու: Այս զիգզագաձև իրողությունը պարբերաբար սրում է նաև հարցը, թե ուրեմն ի՞նչ` ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն խաղու՞մ են հակասությունը: Հազիվ թե:

Այստեղ պարզապես խնդիրը առկա իրավիճակի բազմաշերտությունն է: Բանն այն է, որ ներկայումս թե՛ ՀՀԿ, թե՛ ԲՀԿ հասկացությունները դարձել են խիստ առաձգական, հարաբերական, շերտավոր: Օրինակ` որևէ մեկը կարո՞ղ է հստակ ասել, թե ինչ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ՀՀԿ՞, թե՞ ԲՀԿ: Առաջին հայացքից Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ է, բայց մյուս կողմից` նա այնպիսի ջանադրությամբ է պայքարում ԲՀԿ-ՀՀԿ ներդաշնակ և հաշտ ու խաղաղ կյանքի համար, որ կարծես նույնականացնում է իր և ԲՀԿ-ի բարեկեցությունն ու ապահովվածությունը: Նույն կերպ կարելի է կասկածել ՀՀԿ-ի շատ այլ շերտերի, որոնք միգուցե ԲՀԿ չեն, բայց, համենայնդեպս, ավելի ՀՀԿ էլ չեն: Նրանք, այսպես ասած, կոնֆորմիստ և անսկզբունք իշխանատենչներ են, որոնց համար կարևոր է սեփական անձնական անվտանգությունն ու հարստությունը, իսկ մնացածը կոնյունկտուրայի հարց է:

Այս հատկանիշը Հայաստանի իշխանական սեկտորի համար ամենևին զարմանալի կամ հակատրամաբանական չէ: Ավելին` այդպիսի հատկանիշը անգամ Հայաստանի ընդդիմադիր սեկցիաների համար է շատ ու շատ առումներով օրինաչափ, ուր մնաց իշխանական սեկտորի ներկայացուցիչների համար: Այդ տեսանկյունից, «Բարգավաճ Հայաստանի» պարագայում էլ կոնյունկտուրային շերտավորվածությունը ամենևին զարմանալի չէ: Օրինակ` Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստա՞ն» է, թե՞ ԲՀԿ է այնքանով, որքանով որ իր ծրագրերը ԲՀԿ միջոցով է տեսնում Ռոբերտ Քոչարյանը, և եթե Քոչարյանը վաղը որոշի ծրագրերը առաջ մղել ՀՅԴ-ով, կա՞ որևէ երաշխիք, որ Վարդան Օսկանյանը չի գնա ՀՅԴ: ԲՀԿ մասով էլ կարելի է բազմաթիվ այլ անուններ տալ կուսակցության կամ խորհրդարանական խմբակցության մեջ ընդգրկված:

Ինչպես համաշխարհային քաղաքականության մեջ, Հայաստանի ներիշխանական խաղն էլ դարձել է չափազանց շերտավոր, և այդ տեսանկյունից ամեն ինչ շատ բազմազան է, ինչը նշանակում է, որ թերևս չարժե անել միարժեք հետևություններ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի խաղի կամ պայմանավորված թատերական ներկայացման մասին: Զիգզագը պայմանավորված է շերտավորմամբ: Պարզապես յուրաքանչյուր դրվագ ունի ընդհանուր իրավիճակը բնորոշող իր նրբերանգները: Տվյալ պարագայում մենք ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստանում» ՀՀԿ-ի ազդեցությանը: Ընդ որում` կարելի է խոսել կրկնակի ազդեցության մասին: Մասնավորապես, երբ Սերժ Սարգսյանի մոտ` նախագահական նստավայրում որոշվեց, որ Գյումրիի քաղաքապետ է առաջադրվելու Սամվել Բալասանյանը, և այդ լուրը կայծակնային արագությամբ տարածվեց նախագահական նստավայրից Բալասանյանի դուրս գալուց հետո, «Բարգավաճ Հայաստանը» ջանք ու եռանդ չխնայեց հանրությանը ցույց տալու համար, որ Բալասանյանի թեկնածությունը ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ ԲՀԿ-ն է առաջ քաշել: Բայց, չգիտես ինչու, ԲՀԿ-ն պաշտոնական որոշում կայացրեց միայն այն բանից հետո, երբ Գյումրիի քաղաքապետի թեկնածու դարձող Բալասանյանը մտավ նախագահի նստավայր և դուրս եկավ: Հետո Սերժ Սարգսյանը Գյումրիում էլ հայտարարեց, որ Բալասանյանն իր թեկնածուն է, ու ԲՀԿ-ն այս տեսանկյունից էլ չկարողացավ որևէ համոզիչ հակափաստարկ ներկայացնել հանրությանը: Իհարկե, խոսքն այն հանրության մասին է, որին ընդհանրապես հետաքրքրում են ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունները:

Այդպիսով, առաջին ռաունդում Սերժ Սարգսյանը հաղթեց ԲՀԿ-ին: Երկրորդ ռաունդը ներկայումս է, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քափ ու քրտինքի մեջ փորձում է ՀՀԿ-ին ընդդիմանալ, բայց նրա կուսակցական քաղաքապետը սատարում է ՀՀԿ թեկնածուին: Այսինքն` Սամվել Բալասանյանը կրկին անում է այն, ինչ Սերժ Սարգսյանն է ասում, իսկ ԲՀԿ-ն հերթական անգամ ընդամենը համակերպվում է տեղի ունեցածին և ինչ-որ բացատրություններ փնտրում: Այսինքն` Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ է ԲՀԿ-ն ծառայեցնում իր շահին, հաղթում է երկրորդ ռաունդում: Ավելին` եթե փորձենք իրավիճակին նայել մի փոքր ավելի ընդարձակ, ապա Սերժ Սարգսյանը ԲՀԿ նկատմամբ նաև յուրօրինակ ռևանշ է վերցնում:

Արման Սահակյանը` ՀՀԿ թեկնածուն, խորհրդարանական ընտրության մեծամասնական ընտրակարգով պարտվել էր ԲՀԿ թեկնածու Մարտուն Գրիգորյանին` Գյումրիի թիվ 34 ընտրատարածքում: Սերժ Սարգսյանը, փաստորեն, ԲՀԿ-ական պատգամավորի դիմաց ՀՀԿ-ական պատգամավոր է անցկացնում խորհրդարան` ԲՀԿ-ին էլ ստիպելով, փաստորեն, պաշտպանել այդ որոշումը: Այսինքն` առնվազն այս դրվագով կարծես թե կատարյալ է Սերժ Սարգսյանի դոմինանտությունը ԲՀԿ-ում: Այստեղ ուշագրավն այն է, որ Սամվել Բալասանյանը Արման Սահակյանին սատարելու մասին իր խոսնակի միջոցով հայտարարում է այն բանից հետո, երբ իր ոչ պաշտոնական կայքի միջոցով ԲՀԿ-ում քաղաքական ինքնուրույն թիմ ունենալու մասին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը Սամվել Բալասանյանի բերանով կարծես թե պատասխանում է ԲՀԿ-ում «քաղաքական թիմի» վերաբերյալ` Ռոբերտ Քոչարյանին ակնարկելով, որ ԲՀԿ-ում իր «թիմն» էլ պակասը չէ և կարողանում է կայացնել ինքնուրույն որոշումներ, որոնք, ընդ որում, ակնհայտորեն հակասության մեջ են մտնում ԲՀԿ ներկայիս քաղաքական կեցվածքի հետ: Այլ կերպ ասած` թիվ 35 ընտրատարածքի զարգացումները որոշակիորեն ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանն ընդունում է ԲՀԿ-ի վրա ազդեցության մասով Ռոբերտ Քոչարյանի ձեռնոցը: Ըստ ամենայնի առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը կփորձի տալ թիվ 35-ի հակահարվածը: Ի դեպ, պատահական չէ, որ Քոչարյանի գրասենյակը Բալասանյանի որոշման մասին տեղեկատվությանը զուգահեռ մեկնաբանություն տվեց Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան արտասահմանյան հանդիպման մասին մամուլի տեղեկություններին` հերքելով հանդիպման փաստը և այդպիսով թերևս փորձելով ընդգծել, որ թիվ 35-ի պայմանավորվածությունների մեջ ինքը չկա և չի ճանաչում այդ պայմանավորվածությունները:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930