Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժինների, ինչպես նաև՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և նույն բաժնի Վանաձորի ու Գուգարքի քննչական բաժանմունքների կողմից օպերատիվ քննչական և բացատրական աշխատանքների արդյունքնում, քիչ առաջ Ոստիկանության Լոռու մարզային վարչություն է մեղայականով ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ, բարձրագույն կրթությամբ, չամուսնացած 33-ամյա Արտակ Վերանյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արամ Մաթևոսյանի կողմից Ա. Վերանյանը որպես կասկածյալ ձերբակալվեց և տեղափոխվեց Ոստիկանության Վանաձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով:
Ա. Վերանյանը կասկածվում է երեկ Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում նախկին «Կիրովական», այժմ «Մուշ» ռեստորանային համալիրում մի խումբ անձանց կողմից Երևանի բնակիչ, 3 երեխաների հայր, ոստիկանության քննչական ապարատի նախկին աշխատակից Սամվել Շարբաթյանի սպանության մեջ: Նա քննիչի աշխատանքը թողնելուց հետո ՀՀ փաստաբանների պալատում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված ռեստորանային համալիրում կենցաղային հարցերի շուրջ փաստաբանի և երեք անձի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որն էլ ավարտվել էր փաստաբանի սպանությամբ:
Կարդացեք նաև
Լոռու մարզի ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ, արդեն հայտնի մյուս երկու անձանց հայտնաբերելու ուղղությամբ: