Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս քաղաքական գործիչը չգիտե՞ր, թե ինչ մարդիկ էին հյուրանոցում

Նոյեմբեր 19,2012 21:36

Եվրասիական միջկուսակցական խորհրդատվություններին, որոնք հրավիրված էին Երեւանում անցած ամսվա վերջին, դիտորդի կարգավիճակով մասնակցեցին նաեւ ԼՂՀ երկու կուսակցություններ` «Ազատ հայրենիքը» եւ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»: Հաջորդ օրը, սակայն, ՌԴ Դաշնային ժողովի անդամ եւ «Եդինայա Ռոսիա» -ի արտաքին կապերի պատասխանատու Կլիմովը ադրբեջանական vesti.az-ին տված հարցազրույցում ասել էր, թե «Ղարաբաղից իրենք ոչ ոքի չեն հրավիրել», եւ ինքը չգիտի, թե «ինչ մարդիկ էին հյուրանոցում»:

Այս առիթով ԱԺԿ ղեկավար մարմնի անդամ, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն Aravot.am-ին ասաց. «Ուզում եմ հավատալ, որ ադրբեջանական կայքէջը «որոշակիորեն սրբագրել է» պարոն Կլիմովի խոսքերը: Ուզում եմ: Բայց ի՞նչ ասել նրա առհասարակ մերժողական, երբ խոսքը ղարաբաղյան կողմի մասին է, եւ , մեղմ ասած, նրբանկատ, եթե ասածը վերաբերում է Ադրբեջանին՝ տոնի մասին»:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝«Քաղաքականությունն, իհարկե, դելիկատ գործ է: Այդուհանդերձ, արժե դիտել տալ, որ Լեռնային Ղարաբաղը, տրամաբանորեն եւ իրողության թելադրանքով, անկախ իր ապագա միջազգայնորեն ընդունելի կարգավիճակից, կարող է մաս կազմել կամ Եվրասիական, կամ Եվրոպական միությանը: Երրորդը կանխամտածել, նշանակում է լինել չափազանց «հանդուգն»: Այն է` Լեռնային Ղարաբաղին վերապահել մի բացառիկ աշխարհաքաղաքական դերակատարություն: Այս դեպքում, սակայն, ինչո՞ւ «ամոթխած» լինել Ադրբեջանի հանդեպ: Եւ շարունակել հուսալ, թե կարելի է այնտեղ «զոհ տալ եւս մի Ցիցիանովի գլուխ», իսկ հետո նստել «փառավոր ճաշկերույթի»: Այդպես ժամանակակից աշխարհում ցավոք կամ բարեբախտաբար այլեւս հնարավոր չէ: Նույնիսկ` եթե Բաքու է «գործուղվում» Ռամզան Կադիրովը»:

Մեր զրուցակցի կարծիքով, արտառոցն այն է, որ Եվրասիական միջկուսակցական խորհրդատվությունները գրեթե համընկան Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի` ԼՂՀ բաց-պաշտոնական այցին ու միամիտ պիտի լինել, ասելու համար, որ դա պատահականություն էր կամ` տուրք հավուրպատշաճությանը. «Փաստը չափազանց խոսուն էր, որպեսզի գրեթե հաջորդ օրը  «ՌԵԳՆՈՒՄ» գործակալությունը հարցազրույցի հրավիրեր «անդրկովկասյան հարցերով փորձագետ» Գայ Բորիսովին: Իսկ վերջինս «կանխազգաց», որ Ստեփանակերտում «օդանավակայան կառուցել են, որպեսզի ԼՂ խաղաղապահ ուժերի մուտքի համար հարմարություն ստեղծվի»: Ընդսմին, պարոն Բորիսովն այն կարծիքին է, որ «Հայաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ- ՀԱՊԿ համագործակցության հարթակ»:

Այս ամենից հետո, Վահրամ Աթանեսյանին մնում է վկայակոչել հայ դասականին, ով ասում է. «Ամեն ինչ լավ է, եթե մեզ չեն ժխտում»: Ու հավելում է. «Մեզ` Լեռնային Ղարաբաղին: Պարոն Բորիսովը կարծում է, որ «խաղաղապահ ուժերի, որոնց կազմում կարող են լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կոնտինգենտները, տեղաբաշխմամբ ԼՂ-ն կառանձնացվի Ադրբեջանից, իսկ վերջինիս կարգավիճակի հարցը կթողնվի անորոշ ապագային»: Իսկ Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրամիության հետ «Արեւելյան գործընկերության» ծրագիր են իրականացնում: Ի՞նչ կտա մեկը կամ մյուսը` ժամանակի եւ հանգամանքների հարց է: Բայց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը չի կարող մնալ «հեռավոր», առավել եւս` «անորոշ ապագային»: Այն պարզ պատճառով, որ ժողովրդի ճակատագիրը չպետք է թողնել «անորոշության»: Մանավանդ` մի ժողովրդի, որ ինքը գիտի, թե ուր է գնում եւ կարող է աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիաներ փոխել կամ , առնվազը, նպաստել, որպեսզի դրանք փոխվեն կամ նույնը մնան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930