Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Դանիելյան. Եթե ընտանիքն ամուր չէ, անչափահասի կատարած հանցագործությունը կրկնվում է

Նոյեմբեր 19,2012 20:57

Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ–ն` «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության հետ համատեղ, ներկայումս իրականացվող «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ներկայացրեց անչափահասների արդարադատությանն առնչվող հայաստանյան օրենսդրության վերլուծություն: Նույն ծրագրի շրջանակներում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտն» իրականացրել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անչափահասների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների մոնիթորինգ։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահ Արման Դանիելյանը նշեց, որ կազմակերպությունը «Հայ օգնության ֆոնդի» հետ համատեղ հիմնել են երկու կենտրոն, որոնցում անչափահաս բանտարկյալներն անցնում են վերականգնողական ծրագրեր. «Մի կողմից ուսումնասիրում ենք անչափահասների քրեակատարողական հիմնարկում տարվող սոցիալական աշխատանքները, մյուս կողմից` աշխատում ենք այն անչափահասների հետ, ովքեր օրենքի հետ կապված որոշակի խնդիրներ ունեն: Կենտրոններ այցելելով` երեխաները հանդիպում են հոգեբանների եւ սոցիալական աշխատողների հետ, անհրաժեշտության դեպքում` նրանց ներգրավվում են տարբեր խմբակներում` փորձ անելով երեխային դուրս հանել այն միջավայրից եւ մթնոլորտից, որում նա հայտնվելով` կատարել է որոշակի իրավախախտումներ»:

Դանիելյանը հավելեց, որ ներկայումս քննարկում են անչափահասների վերաբերյալ օրենսդրական խնդիրները. «Միջազգային մոտեցման համաձայն` անչափահասը իրավախախտում է անում ինչ-որ բանի պատճառով: Այսինքն` նրան պետք է ոչ թե պատժել, այլ հասկանալ պատճառները, որոնք բերել են անչափահասի կողմից իրավախախտում կատարելուն: Իսկ մեզանում քաղաքականությունը մերժողական է: Չկա անչափահասի հանդեպ վարվեցողության ընդհանուր մթնոլորտ: Օրինակ` անչափահասների դատավարությունները մեծամասամբ անցնում են արագացված կարգով: Անչափահասին ասում են` ընդունիր մեղքդ եւ մենք քեզ կդատենք «արագացվածով» կամ թեթեւ պատիժ կտանք: Այդպես ասում են եւ չեն խաբում, բայց երբ գործը դատարան մտնելուց հետո անչափահասն ընդունում է մեղքը, սահմանվում է պայմանական ազատազրկում, բայց չեն ուսումնասիրվում հանցագործության կատարման պատճառները: Դրանք են որոշում, թե ինչ պատիժ պետք է կիրառել երեխայի հանդեպ, որպեսզի նա չդառնա կրկնահանցագործ»:

Դանիելյանի խոսքով. «Եթե ընտանիքն ամուր չէ, անչափահասի կատարած հանցագործությունը կրկնվում է: Ընդունված է, որ նորմալ պայմաններում երեխան հանցագործություն չի կատարում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930