Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված տոնակատարությունը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ, Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից նա շնորհավորեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակը. «Սա առիթ է, որպեսզի մենք կարողանանք գնահատական տալ կատարված աշխատանքին եւ մեծարել այն մարդկանց, ում ներդրումը մեծ է Հայաստանի Հանրապետության մանկավարժական համակարգում: Պատիվ ունեմ այսօր պարգեւատրելու նրանց»:
Վարչապետին խոսքով. «Միաժամանակ մեր առջեւ նոր նպատակներ եւ խնդիրներ պետք է դնենք եւ չբավարարվենք անցած նվաճումներով, քանի որ ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Այստեղ մանկավարժներն են, որ ունեն լրջագույն անելիքներ: Գաղտնիք չէ, որ բարձր որակի մանկավարժներ պատրաստելով կկարողանանք զարգացնել Հայաստանում բարձրագույն կրթության համակարգը: Կրթությունն է մեր երկրի ապագայի բանալին: Այսօր այդ խնդրի լուծումը մանկավարժների առջեւ է դրված: Ուրախ եմ, որ վերջին տարիներին մանկավարժական համալասարանը ցույց է տվել բարձր առաջադիմություն: Այսօր մանկավարժական համալսարանը վստահություն է վայելում, եւ մենք պետք է ամրապնդենք այդ վստահությունը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ Մանվել Մելիքյանը ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը` ՀՀ մեդալով պարգեւատրելու մասին. «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ գիտության եւ կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի պրոֆեսր Լեւոն Կոջոյանին պարգեւատրել «Մովսես Խորենացի» մեդալով»:
Կարդացեք նաև
Նախագահի հրամանով մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Համլետ Միքայելյանը պարգեւատրվեց «Անանիա Շիրակացի» մեդալով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ