Քիչ առաջ է ավարտվել ՀՅԴ-ՀԱԿ հանդիպումը, որին մասնակցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում Դաշնակցությունը Կոնգրեսի հետ քննարկել է իր առաջարկած 7 կետերի շուրջ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ ՀԱԿ-ի ներկայացրած առաջարկությունները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Լեւոն Զուրաբյանը. «Բնականաբար, քննարկել ենք փոխադարձ մոտեցումները՝ նախագահական ընտրությունների եւ հնարավոր համագործակցության շուրջ»:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Լեւոն Զուրաբյանը մի հայտարարություն էր արել՝ ասելով, որ չի բացառում, որ իրենց համագործակցությունն այնքան խորանա, որ նախագահական ընտրություններում համաձայնեցված գործողություններ լինեն: Aravot.am-ը պարոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ «համաձայնեցված գործողությունների» անվան տակ ի՞նչ կարելի է հասկանալ: Պարոն Զուրաբյանը ծիծաղեց. «Ինչ ուզում եք՝ հասկացեք»: Նա չցանկացավ մանրամասնել՝ վստահեցնելով, որ գաղտնի բան չէ, ուղղակի 2 ժամ տեւած հանդիպման ողջ ընթացքի մանրամասները չի ուզում այդպես բաց քննարկել:
Արմեն Ռուստամյանը Yerkir.am-ին ասել էր, որ ՀԱԿ-ի հետ քննարկման ընթացքում իրենց առաջարկած 7 կետերից մի քանիսի վերաբերյալ եղել են տարբեր դիրքորոշումներ: Մեր հարցին, թե կոնկրետ ո՞ր կետերի շուրջ են այդ անհամաձայնությունները՝ պարոն Զուրաբյանը հորդորեց չկենտրոնանալ այս պահին տարաձայնությունների վրա. «Մենք չենք ցանկանում կենտրոնանալ տարաձայնությունների վրա, այլ գերադասում ենք կենտրոնանալ ընդհանրությունների վրա եւ այն պոզիտիվը, որ կա այս խորհրդակցություններում՝ զարգացնել»:
Նա վստահեցրեց, որ ՀՅԴ-ի հետ իրենց ընդհանրությունները բավականին շատ են: Մեր հարցին ի պատասխան՝ զուտ նպատակների՞ առումով են ընդհանրությունները՝ պարոն Զուրաբյանը հստակեցրեց. «Ե՛վ մոտեցումների, եւ ռազմավարության առումով»:
Կարդացեք նաև
ՀԱԿ համակարգողն ասաց, որ այս հանդիպումները շարունակական են լինելու:
Նշենք նաեւ, որ թե՛ Լեւոն Զուրաբյանը, թե՛ Արմեն Ռուստամյանը չեն բացառել միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ