Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերոբ Բոզոյանը տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբեր 19,2012 18:31

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին իշխող ՀՀԿ-ի կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը այսօր տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Բոզոյանն ասաց, որ հետազոտություն անցնելուց հետո կենթարկվի վիրահատության:

1 տարվա ազատազրկման դատապարտված 54-ամյա տղամարդը, հիշեցնենք, տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ, եւ ինչպես նրա փաստաբան Կարեն Մանուչարյանն է ահազանգում, առաջին ատյանի դատարանի վճռից հետո նրա վիճակը օր օրի վատանում է.  արյունահոսություններն անհետաձգելի են դարձնում Բոզոյանի վիրահատությունը:

Բուժօգնության համար պահանջված գումարը մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ ու քաղաքացիներ են հանգանակել, քանի որ սոցիալական խիստ ծանր վիճակում գտնվող ընտանիքը, ի վիճակի չլինելով հոգալ այդ ծախսերը, տեւական ժամանակ Բոզոյանին հիվանդանոց չէր տեղափոխում:

Փաստաբանը միաժամանակ տեղեկացրեց, որ նախօրեին Բոզոյանը իրեն ազատազրկման դատապարտելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի հոկտեմբերի 17 ի վճիռը բողոքարկելու դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ վկայակոչելով մեղմացուցիչ մի շարք հանգամանքներ, որոնք առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը այդպես էլ հաշվի չի առել եւ նշանակել է խստագույն պատիժ:

«Տառապում է քաղցկեղ հիվանդությամբ, ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, երեխան նույնպես հիվանդ է», – մանրամասնեց փաստաբան Կարեն Մանուչարյանը, – «Բացի այդ, նա ընդունել է մեղքը, միջնորդելով, որ արագացված քննություն կատարվի եւ այդ քննությունը կատարվել է։ Դա եւս կարեւոր հանգամանք է, եւ ես հույս ունեմ, որ գոնե Վերաքննիչ ատյանը հաշվի կառնի»։

Չբողոքարկելու պարագայում քաղցկեղով հիվանդ տղամարդը երեկվանից արդեն պետք է լիներ քրեակատարողական հիմնարկում։ Մինչեւ վերադաս դատական ատյանի որոշումը Սերոբ Բոզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, Սերոբ Բոզոյանը մեղավոր է ճանաչվել Հանրապետականի հանրահավաքի համար պատվիրված փուչիկները դյուրավառ մեթանով լիցքավորելու մեջ։ Փուչիկների  պայթյունից մարմնական վնասվածքներ էին ստացել 154 երիտասարդներ: Բոզոյանն այս գործով միակ մեղադրյալն է, թեեւ պաշտպանական կողմը շարունակ պնդում է, որ Բոզոյանը պատվիրողներին նախօրոք զգուշացրել է մեթանով լիցքավորելու հնարավոր վտանգի մասին, բացատրել է նաեւ օգտագործման կանոնները, սակայն 7000 փուչիկի համար առաջարկված 770 հազար դրամը չի բավարարել ավելի թանկ գազով` հելիումով լիցքավորելու համար։ Բոզոյանի հորդորներն ու զգուշացումներն էլ ոչ ոք հաշվի չի առել:

Ի պաշտպանություն Սերոբ Բոզոյանի արշավ է սկսվել սոցիալական ցանցերում. Ֆեյսբուք ցանցում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ քաղաքացիական եւ ընդդիմադիր ակտիվիստներ, որոնք հաշվեհամար են բացել դատապարտյալի ֆինանսական աջակցության համար: Նախաձեռնության հեղինակ, ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հիմնավորեց, որ պաշտպանում են իշխող կուսակցության «գործողությունների հերթական զոհը դարձած» անպաշտպան քաղաքացուն։

«Ուզում ենք ասել, որ մենք տեր ենք մեր քաղաքացուն, ով գուցե եւ հանցակից է այս դեպքում, որ կատարել է հանցավոր մի պատվեր, գուցե պետք է ընդհանրապես հրաժարվեր, սակայն մենք գիտենք, որ այս իշխանությունները հանցավոր պատվերը չկատարողներին էլ են պատժում: Նույնիսկ ունեմ շատ հավաստի տեղեկություններ, որ ծառայության համար գումարը մինչ օրս չի փոխանցվել Սերոբ Բոզոյանին», – ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Նա նաեւ փոխանցեց, որ իրենց նախաձեռնությունը հետեւելու է Վերաքննիչ դատարանում գործի քննությանը։

«Բոզոյանի պատիժը հիվանդության հիմքով մեղմացնելուց զատ, պետք է առաջ քաշվի նաեւ պատվիրատուների պատասխանատվության հարցը», ասաց Զարուհի Հովհաննիսյանը, – «Պիտի հետեւենք, տեսնենք ինչպես է ընթանում, ի վերջո նոր հանգամանքներ ջրի երես հանվելու են, թե՞ ուղղակի հերթական անգամ կատարվելու է կոծկման գործընթաց եւ «դե լավ, հիվանդ է, բաց թողեք» հերթական դատավարությունն է դառնալու: Պետք է վեր հանվեն այն մարդիկ, ովքեր պատվիրատուներն էին, վեր հանվեն այն մարդիկ, ովքեր ներքաշված էին այդ ամբողջ ցանցի մեջ»։

Մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցությունը «սադրանք» եւ «կեղծիք» է որակում «Փուչիկների» գործով իրենց հասցեագրվող բոլոր մեղադրանքները: Ինչպես մեզ հետ զրույցում հակադարձեց Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը. – «Դա ի՞նչ կապ ունի Հանրապետականի հետ՝ անհասկանալի է ինձ համար։ Վաճառել է, եղել է գնորդ, վերցրել է։ Ոնց որ պատվիրեինք ավտոբուս, ավտոբուսը վթարի ենթարկվեր, Հանրապետականը մեղավոր լիներ․․․ Պիտի մի քիչ տրամաբանություն ունենալ, ուրեմն Հանրապետականը հատուկ փուչիկներ է գնել, որ իր միջոցառումը խանգարվի՞։ Անհեթեթ մտածողության ձեւ է: Ընտրությունների ժամանակ փուչիկների համատարած վաճառք է եղել, որեւէ տեղ նման դեպք տեղի չի ունեցել, համընկել է, որ հենց մեր միջոցառման ժամանակ դեպքը տեղի ունեցավ։ Ո՞ւմ մեղադրես Հանրապետականից, կամ ինչո՞ւ մեղադրես»:

Իսկ Փուչիկների գումարը Սերոբ Բոզոյանին չվճարելու մասին պնդումներին Գալուստ Սահակյանն այսպես հակադարձեց. – «Դա ամենամեծ կեղծիքն է. Դա այն գումարը չէր, որ Հանրապետականը չտար կամ չկարողանար տալ»:

Ի դեպ, Սերոբ Բոզոյանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնում նաեւ իշխող Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւը։ Երիտթեւի ներկայացուցիչներից Արուսյակ Պողոսյանը այդ մասին տեղեկացրեց մեզ հետ հեռախոսազրույցում։ Նա նաեւ հայտնեց, որ փուչիկների պայթյունից տուժած երիտասարդները ստորագրահավաք են անցկացնում, որպեսզի Սերոբ Բոզոյանի ազատազրկման պատիժը բեկանելու միջնորդությամբ դիմեն Վերաքննիչ դատարանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930