Ոստիկանությունը հայտարարել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով նախաքննության ավարտի մասին, կողմերին տրամադրվել են գործի նյութերը՝ ծանոթանալու համար: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին այսօր հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Կարեն Եսայանը սպանվել էր ապրիլ 12-ին, սպանության մեջ մեղադրվում է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը: Մեղադրյալի պաշտպան Լուսինե Սահակյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ սկսել է ծանոթանալ գործի նյութերին:
Հ. Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 188-րդ հոդվածների առաջին մասերով՝ սպանություն և ապօրինի ձեռնարկատիրություն: Մեղադրանքի ծավալից հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով մեղադրանքը՝ ապօրինի զենք կրելը, պահելը. ըստ «Փաստինֆո»-ի տվյալների, նրա մոտ հայտնաբերված որսորդական հրացանը հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված չէ: