Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահակ Պողոսյան. Քաղաքը գարշոկախեղդ են արել

Նոյեմբեր 19,2012 17:10

Aravot.am-ը արվեստագետ Սահակ Պողոսյանին խնդրեց կարծիք հայտնել վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկի՝ Երեւանում տեղադրվող պարզունակ արձանների ու դրանց վնասման մասին:

«Ես էլ՝ որպես ոլորտին մոտիկ մարդ, արդեն զզվել եմ այդ արձաններից: Ուրախալի է, որ ժողովրդի զզվածության աստիճանը այնքան է բարձրացել, որ իր վերաբերմունքն է ցույց տալիս: Խոսքը ոչ միայն վերջին, այլեւ նախորդ ժամանակների դրված եւ այսօրվա այն արձանների մասին է, որոնք ոչ պրոֆեսիոնալ են, սարսափելի անճաշակ: Դրանք չեն ծառայում ոչ էսթետիկայի, ոչ էլ նույնիսկ էթիկայի կանոններին, ու ազդում են մի քիչ ճաշակ ունեցող քաղաքացու բարոյական նկարագրի վրա: Ի վերջո, մարդը պարտավոր չէ ամեն օր անճաշակ բաներ տեսնել»,- ասում է քանդակագործը:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւԵրեւանի կանաչապատմանը: «Թվում է, թե կանաչապատում են, լավ բան է կատարվում: Բայց հարցն այն է՝ ինչպե՞ս են կանաչապատում… էդ կճուճները, պրիմիտիվ իկեբանաները եւ սարսափելի անճաշակություններն ուղղակի չի կարելի անել: Արվեստագետն ու մշակույթի գործիչը փոխանակ մարդուն ցեխի միջից բարձրացնի, ի՛նքն է իջնում ցեխի մակարդակին…Բարբարոս բան ասեմ՝ ես կողմ եմ, որ մարդիկ ջարդեն այդ արձանները, ու կուզենայի, որ ջարդելը լիներ վանդալիստական ակտ: Մարդը դեմ է ու ջարդում է»:

Արվեստագետը դեմ է մտավորականներին տեսակավորելուն. «Ստացվում է՝ ունենք մտավորականների մի փոքր խումբ, ու ռուսերեն ասած՝ по второму, по по третьему кругу դնում ենք այդ մարդկանց արձանները: Ի՞նչ է, ուրիշ երեւույթ, հերոս չունե՞նք: Կոպիտ ասած, դա զուտ փող աշխատելու միջոց է: Քաղաքը վերածվել է գերեզմանոցի, ու իմ անհատական կարծիքով, Երեւանում ընդամենը մեկ-երկու արձան կա, որ համապատասխանում է լուրջ պրոֆեսիոնալ չափանիշների: Ընդհանրապես ամեն արձան պետք է ունենա իր փիլիսոփայական հիմնավորումները: Դրանք պահպանվել են միայն Թամանյանի եւ Մատենադարանի առջեւ դրված արձանների դեպքում: Քանդակ կարելի է համարել նաեւ էպոսի հերոս Սասունցի Դավիթը , որ արված է իր ժամանակի պահանջների եւ որակի մակարդակով»:

Ինչ վերաբերում է շենքերի մուտքերի ու դալանների նկարազարդմանը, Սահակ Պողոսյանն ասում է ՝ քաղաքաշինության մեջ եւ մշակույթում մակարդակն իջել է ռաբիսից շատ ավելի ցածր. «Ժամանակին մի երգահան կար՝ Տոտիկ անունով, նրա մոտ դեռ պրոֆեսիոնալ ռաբիսի ինչ-որ մակարդակ կար, այսօր ռաբիսական պոստմոդեռնիզմն է հրամցվում ժողովրդին իբրեւ մշակույթ… Հիմա ես պատուհանից նայում եմ դուրս՝ փողոցում դրված են ծաղկամաններ, գարշոկներ… էս քաղաքը գարշոկախեղդ են արել, մեր բոլորի էսթետիկական ճաշակը գարշոկից վեր չէ: Ինչ-որ մեկին նշանակել են դիզայներ, որը սարսափելի ճաշակ ունի եւ այդ ճաշակով զարդարում է մեր քաղաքը: Եղբա՛յր, չենք ուզում զարդարված քաղաք, մաքուր քաղաք ենք ուզում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930