Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ պատվավոր դոկտորի կոչումների և շքանշանների շնորհման արարողությունը:
Համալսարանի խորհրդի որոշումով ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պատվավոր դոկտորի կոչում շնորհեց Սոֆիայի Սենթ Քլիմենթ Օխրիդսկու համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իվան Իլչեւին: Վերջինս ելույթի խոսքում շնորհավորեց Մանկավարժական համալսարանի 90-ամյակը եւ նվիրեց Սոֆիայի Սենթ Քլիմենթ Օխրիդսկու համալսարանի նկարներից մեկը: Պրոֆեսորը հայտնեց, որ ամիսներ առաջ համալսարանների միջեւ համագործակցության պայմանագիր է կնքվել, որի շրջանակում ձեռք է բերվել ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրի շուրջ պայմանավորվածություն:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ասաց, որ Սոֆիայի համալսարանը Բուլղարիայի թիվ 1 ուսումնական հաստատությունն է. «Երբ ստորագրվեց պայմանագիրը, համացանցում փնտրեցի գործընկերոջս` Սոֆիայի համալսարանի ռեկտորի մասին նյութեր եւ «սարսափելի» նմանություններ գտա. մենք նույն տարիքի պատմաբաններ ենք, ունենք գրեթե նույն կոչումները, մեր հայրերն աշխատել են այն համալսարաններում, որոնցում հիմա մենք ենք աշխատում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ մենք ավարտել ենք 114 դպրոցը, ես` Հայաստանում, նա` Սոֆիայում: Եվ պատկերացրեք, որ երկու դպրոցներն էլ անգլիական թեքումով են եղել»:
Կարդացեք նաև
Մանկավարժական համալսարանի հոբելյանական միջոցառմանը մասնակցում էին նաեւ ԱՄՆ-ի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահ, մեր հայրենակից Մարի Փափազյանը, Ուկրաինայի Դրագոմանովի ազգային մանկավարժական համալսարանի ռեկտոր, Եվրոպայի մանկավարժական համալսարանների ռեկտորների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Անդրուշչենկոն, Ֆրանսիական Լորենի համալսարանի եւ Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պատվիրակությունները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ