Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժական համալսարանի թանգարանում այցելուին «դիմավորում» է նույն ինքը` Խաչատուր Աբովյանը (ֆոտոշարք)

Նոյեմբեր 19,2012 16:47

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվեց նոր տեխնոլոգիաներով համալրված բացառիկ թանգարան, որի այցելուին մուտքի մոտ «դիմավորում» է (3D ֆորմատով) հենց ինքը` Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանը եւ «ներկայացնում» կրթության, գիտության եւ ուսման մասին իր մտքերը:

«Թանգարանի կարիքը վաղուց էր զգացվում, որովհետեւ բուհ ընդունվել ցանկացող ուսանողները պետք է իմանան համալսարանի ավանդույթները եւ անցած ճանապարհը, սակայն տարբեր պատճառներով թանգարանի հիմնումը հետաձգվում էր: Նյութերը հավաքել ենք երեք տարվա ընթացքում, եւ ուրախալի է, որ ցուցադրությունը համալսարանի 90-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ: Կարեւորությունն, անշուշտ, բոլորս գիտակցում ենք: Դասախոսների եւ շրջանավարտների համար հաճելի է, երբ իրենց աշխատանքներն են ցուցադրվում: Վերջիվերջո, թանգարանը մեծ կրթական ներուժ է պարունակում»,-լրագրողների հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը, ապա հավելեց. «Կրթական բազմաթիվ ծրագրեր պետք է իրականացնենք, որոնք նախատեսված են դպրոցականների, շրջանավարտների եւ հասարակական այլ շերտերի ներկայացուցիչների համար, այնպես որ` հետաքրքիր աշխատանք կլինի, իսկ թանգարանը տեղեկատվական հաստատություն է, որը չի կարող միայն մշտական ցուցադրություններ անել»:

Խոսելով արխիվային նյութերից` տիկին Գրիգորյանն ասաց, որ նմուշներ հավաքագրելու գործին լծվել են բոլոր ֆակուլտետների ներկայացուցիչները. «Ցավոք, այսօր չենք կարող ներկայացնել բոլոր նմուշները: Ցուցադրված նյութերը փոքր հատվածն են այն ամենի, ինչը կարելի է ցուցադրել մանկավարժական համալսարանի վերաբերյալ: Հետագայում համալսարանի ուսանողների եւ դասախոսների ակտիվ գործունեության արդյունքները առավել խորը կուսումնասիրվեն եւ կներկայացվեն»:

Տնօրենը նաեւ հայտնեց, որ ցուցանմուշներից ամենահինը առաջին շրջանավարտների լուսանկարներն են, որոնք բերվել են տարբեր արխիվներից, իսկ որոշները տրամադրել են շրջանավարտների ընտանիքները. «Նաեւ ունենք հետաքրքիր նյութեր, որոնք ներկայացնում են բուհի մասնակցությունը Հայրենական եւ Արցախյան պատերազմներին: Երբ մեր դասախոսներից Արսեն Մինասյանը գնում էր պատերազմ, գնացքում հասցնում է կնոջը նամակ գրել եւ փոխանցել Վանաձոր: Արսեն Մինասյանի հետ կապված նյութերը առաջիկայում կցուցադրվեն: Կուլտուրայի ֆակուլտետում աշխատել են անվանի ռեժիսորներ. «Գիքորը» ֆիլմը նկարահանելուց հետո լիտվացի մի կին նամակ է գրել եւ որպես օգնություն Գիքորին երեք ռուբլի ուղարկել, որը նույնպես պահպանվել է»:

Միջոցառման ընթացքում համալսարանի մի շարք դասախոսներ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից պարգեւատրվեցին նախարարության պատվոգրերով:

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930