Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների ներգրավմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ:
Մասնավորապես` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող` Տալվորիկ համայնքում գտնվող, հողատարածքում իր մերձավորների հետ միասին 2007-2012թթ. ընթացքում իրականացրել է ձեռնարկատիրական, այն է` գյուղատնտեսական գործունեություն` առանց համապատասխան պետական գրանցման:
Աշխատանքների իրականացմանը ներգրավվել են շուրջ հարյուր օտարերկրյա, մասնավորապես` Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ՀՀ տարածքում բնակվել եւ աշխատել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով:
Ապօրինի ձեռնարկատիրության եւ օտարերկրացիների կացության հետ կապված տուրքեր չվճարելու արդյունքում կազմակերպված խմբի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարարվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնին:
ՀՀ դատախազություն