«Պարզ երևում է, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, ուրիշ ոչինչ»,- Aravot.am-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցն այսպիսի կարծիք հայտնեց՝ կապված ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի գործի կապակցությամբ:
Տիկին Կարապետյանցն այնուհետև մանրամասնեց. «Քաղաքական ենթատեքստեր չէի տեսնի, եթե չլիներ մեր միջնորդությունը այն մասին, որ գործը կապված է ընտրությունների հետ: Ու այդ միջնորդությունից հետո միանգամից Արմանին լռեցնելու համար մեղադրանք առաջադրվեց: ԱԺ ընտրություններից հետո Արման Վեզիրյանի գործն է, որ մնացել է: Այսինքն՝ բոլոր բողոքները և դիմումները ուղղված ոստիկանություն և դատախազություն ինչ-ինչ հիմքերով փակվեցին»:
Ն. Կարապետյանցը նաև ներկայացրեց գործի քննության ընթացքում գրանցված մի շարք խախտումներ: Մասնավորապես նշեց. «Քրեական գործ հարուցվեց այն ժամանակ, երբ մենք միջնորդեցինք նաև մեղադրանք առաջադրել մեր հակառակորդ կողմին քրօրի 149 հոդվածով, ըստ որի՝ պատիժ է նախատեսվում այն գործողությունների համար, որոնք ուղղված են քարոզարշավի ընթացքում դիտորդական առաքելությանը խոչընդոտող գործողություններին: Օրենքով նախատեսված է, որ դա կարող է լինել ցանկացած գործողություն: Կամ այն, որ խոչընդոտել էին և խանգարել թռուցիկներ բաժանելը, արդեն ակնհայտ էր, որ նրանք խոչընդոտում են քարոզարշավին: Կամ, որ Արմանին երկար համոզում էին՝ ետ վերցնել միջնորդությունը, և ոչ միայն Արմանին, այլև պաշտպանին, մեր կազմակերպության ղեկավարին: Իսկ հրաժարվելուց հետո Արմանը դարձավ մեղադրյալ: Դա էլ այն հիմնավոր մասն է, որ Արմանին մեղադրանք է առաջադրվել նրա գործունեության համար: Գործն ի սկզբանե աբսուրդ է, քանի որ կա մեղադրյալ, բայց պարզ չէ, թե ով է տուժողը և բացակայում է բողոքը»:
Կարդացեք նաև
Վերոնշյալը թույլ է տալիս փաստաբանին հայտարարել, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «խոսքն այլևս ուժ չունի» և հիմնավորում է. «Ես դատարան եմ ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալի և գլխավոր դատախազի զեկույցներից հատվածներ, որտեղ գլխավոր դատախազի ելույթում պարզ երևում է, որ եթե գործում չկա տուժող և բողոք, այդ դեպքում մարդուն չեն կարող մեղադրանք առաջադրել»:
Այս պահին Արման Վեզիրյանի գործը գտնվում է դատարանում, եկել է մեղադրյալների՝ ցուցմունքներ տալու ժամանակը: Ն. Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ այս գործում «աջուձախ խախտվում է անմեղության կանխավարկածը» և հավելեց. « Ներքին արդարադատության հետ հույսեր չունենք, որ արդար որոշում կկայացվի: Մենք դիմելու ենք Եվրոպական դատարան ու այնտեղ ենք գործը շահելու: Հիմա ստիպված ենք դիմել դատարան, քանի որ Եվրոպական դատարանի պահանջներն եմ այդպիսին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ