Քիչ առաջ ավարտվեց «Ազատ դեմոկրատներ»-ԲՀԿ հանդիպումը, որը տեղի ունեցավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում և տևեց մեկ ժամ: Հանդիպմանը մասնակցում էին ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանը, իսկ «Ազատ դեմոկրատներ»-ի կողմից կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Անուշ Սեդրակյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:
Aravot.m-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդիպումը «ամենաարդյունավետներից» մեկը համարեց ու տեղեկացրեց. «Մենք տեսնում ենք հնարավորություն, որ նախագահական ընտրություններից առաջ երկրում ձևավորվի քաղաքական ուժերի միջև իրապես լուրջ քաղաքական օրակարգ: Մեր հանդիպումները կլինեն շարունակական, քանի որ «Ազատ դեմոկրատներ»-ն էլ օրակարգային մի քանի խնդիրներ առաջարկեցին, որոնք մեզ համար ևս ընդունելի են: «Ազատ դեմոկրատներ»-ի, ինչպես նաև մի քանի այլ քաղաքական ուժերի հետ հանդիպումները լինելու են շարունակական, ինչը կբերի նրան, որ լրջագույն քաղաքական օրակարգ ձևավորվի երկրում, որը անհրաժեշտ է երկրում համակարգային փոփոխություններ անելու համար»:
Հետաքրքրվեցինք՝ ընդհանուր եզրեր գտա՞ն, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ընդհանուր եզրեր բազում հարցերի շուրջ կան ոչ միայն «Ազատ դեմոկրատներ»-ի այլև այլ քաղաքական ուժերի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ