Այսօր քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կանխատեսել էր, որ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը չի ունենա սեփական թեկնածուն, այլ կհամախմբվի կոնկրետ բեւեռի, կոնկրետ ծրագրի շուրջ:
Aravot.am-ը ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ հավանական համարո՞ւմ է քաղաքագետի կանխատեսումը: «Մեզ մոտ նման քննարկումներ չկան: Ընդհանուր գաղափարների շուրջ քննարկումներ են , անձի շուրջ չեն: Խոսքը երկիրը այս վիճակից հանելու մասին է, որն ընդհանուր գաղափար է»:
Պարոն Խաչատրյանի խոսքերով, առաջադրման հարցը որոշելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ եթե առաջադրվի, քաղաքական դաշտում մեծ փոփոխություններ կլինեն. «Նրա առաջադրվելուց հետո փոփոխությունը չեք կարող գնահատել, երեւի կլինի փոթորիկ: Դրա համար է երեւի Հանրապետականն ավելի ակտիվ, որ կանխեն քայլերը, Տեր-Պետրոսյանի առաջադրման դեմն առնեն»:
Թե ինչու է ՀԱԿ առաջնորդը հապաղում առաջադրման մասին հայտարարելուց , պարոն Խաչատրյանը բացատրեց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոճն է. «Ինքը շատ ավելի լուրջ է պատկերացնում ե’ւ առաջադրվելը, ե՛ւ այդ պաշտոնը, պատասխանատվությունն ու հետագան՝ իր հնարավորությունները երկիրը առաջ տանելու»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով վերջերս ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հեգնական դիտարկմանը, թե ամբողջ հասարակությունը եւ Սփյուռքը լարված սպասում են, թե Լեւոն Տեր -Պետրոսյանը որ ժամին եւ երբ պետք է հայտնի իր առաջադրման մասին ու չի կարելի այդքան լարված պահել հասարակությանը, ասաց. «Հա, սպասում են, որ այս իշխանությունը հրաժարական տա, տանել չեն կարողանում այս իշխանությանը, ես նկատի ունեմ ոչ միայն հեռավոր սփյուռքը, այլեւ Ռուսաստանը: Իմ կապերը կան, խոսում եմ այդ մարդկանց հետ ՝ զարմանում են, ոնց ենք դիմանում, ասում են՝ լավ, ինչքան կարող ենք ուղարկել այդ գումարները»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին անտառի ամենապարծենկոտ կենդանու՝ նապաստակի հետ Գ. Սահակյանի համեմատությանը, պարոն Խաչատրյանը հակադարձեց. «Ինձ համար Գալուստ Սահակյանը մնացել է Գալուստ Սահակյան՝ 90-ականների, երբ իմ ենթական էր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ