Մայրաքաղաքի չջեռուցվող և մասնակի ջեռուցվող բոլոր դպրոցներում ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները հիմնականում ավարտված են:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, զեկուցվել է, որ հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում վերանորոգումներ իրականացնելու համար գույքագրվել են առկա խնդիրները և ընթանում են համապատասխան աշխատանքներ:
Շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները նաև աղի և ավազի պահեստավորման, անհրաժեշտ գործիքների ձեռքբերման, մեքենամեխանիզմների կարգաբերման և պայմանագրային հիմունքներով օպերատիվ խմբերի ձևավորման ուղղությամբ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Զուգահեռաբար բնակչությանն իրազեկվում է փոփոխվող երթուղիների համարների մասին: Շարունակվում է նաև ամենօրյա հսկողությունը` հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարելավման` այդ թվում սանիտարական պատշաճ տեսքի ապահովման, չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման, կանգառագոտիների նպատակային օգտագործման ուղղությամբ: Երեկոյան ժամերին ուղևորների սպասարկումը ոչ պատշաճ իրականացնելու և հաստատված չվացուցակները խախտելու համար` նախորդ շաբաթ թվով 8 երթուղիները սպասարկող կազմակերպություններ ենթարկվել են վարչական տույժի: Այս ուղղությամբ Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ պետք է ուժեղացնել հսկողությունը և ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել երեկոյան ժամերի սպասարկումը:
Կարդացեք նաև
Հանձնարարվել է նաև, որպեսզի երթուղիները սպասարկող ընկերությունները հնարավորին սեղմ ժամկետում շարժակազմերն ապահովեն ձմեռային անվադողերով:
Տրանսպորտի վարչության, Ճանապարհային ոստիկանության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի, «Աքիլես» հասարակական կազմակերպության հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի միջոցով գույքագրվել են մայրաքաղաքի բոլոր այն փողոցներն ու խաչմերուկները, որտեղ առկա են թերություններ ճանապարհային նշանների հետ կապված: Աշխատանքներ են տարվում այդ թերությունները վերացնելու ուղղությամբ:
Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում շարունակվում են Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Կ. Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավոտճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքները:
«Խիստ ուշադրություն տակ պետք է պահել Ռուբինյանց-Ուլնեցի փողոցների կամրջային հատվածի վերակառուցման աշխատանքների որակն ու սահմանված տեխնիկական չափանիշների պահպանումը»,-նշել է Կամո Արեյանը` փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը:
Մայրաքաղաքում քարաթափման վտանգ ներկայացնող հատվածներում պաշտպանիչ-կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման շրջանակում Սարալանջի 800 գծամետր երկարությամբ ճանապարհահատվածում իրականացված քարաթափման աշխատանքներից հետո վերականգնվել է նշված հատվածի վնասված ասֆալտբետոնե ծածկույթը: Աշխատանքներ են տարվում հենապատերի ամրացաման և բարձրացման ուղղությամբ:
Ուսումնասիրվել և գույքագրվել են Երևան քաղաքի ոչ նպատակային օգտագործվող տարածքները: Ներկայացվել է նաև առաջարկություն այդ տարածքների գործառնական նշանակությունը փոխելու և իրենց փաստացի գործունեությանը համապատասխանեցնելու վերաբերյալ:
Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից իրականացվող գնումների գործընթացի նկատմամբ:
Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են վնասված և չորացած ծառերի սանիտարական էտման և ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել մայրաքաղաքում ծառատունկը` քանի դեռ եղանակային պայմանները բարենպաստ են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն