Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության(ԳՄՀԸ) աջակցությամբ, նոյեմբերի 19-ին նախաձեռնել էր համաժողով-քննարկում՝ կառավարության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը համաժողովի բացմանը նշեց, որ քննարկման նպատակն է լսել քաղաքացիական հասարակության եւ գործադիր իշխանության տեսակետները հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ. հերթական նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում: Այս հանձնաժողովը մշտապես գործող խորհրդարանական ձեւաչափ է՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական հարաբերությունները խորացնելու, համագործակցության օրակարգային հարցերի ընթացքը մշտադիտարկելու, Հայաստանի ստանձած պարտավորությունների կատարմանն ու բարեփոխումներին նպաստելու, ինչպես նաեւ՝ քաղհասարակության հետ երկխոսությունն առաջ մղելու առաքելությամբ: Հայկական պատվիրակության ղեկավարը փաստեց, որ եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է, եւ Հայաստանն ակտիվորեն է ներգրավված ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերում: Այս համատեքստում Սամվել Ֆարմանյանն անցնող տարին խիստ հագեցած համարեց՝ առանձնացնելով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, էական առաջընթացը ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայանգրի կենսագործման հարցում: Տարին աչքի է ընկել նաեւ Երեւան-Բրյուսել բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով ու քաղաքական երկխոսության ընդլայնումով եւ մասնագիտական անդրադարձերով: Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու հարցում հանձնաժողովի համանախագահը կարեւոր համարեց նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական կառույցի՝ «Եվրանեսթի» գործունեությունը: «Խորհրդարանականների անկեղծ ցանկությունն է լսել քաղաքացիական հասարակության տեսակետները, առաջարկությունները, նոր գաղափարները, նաեւ՝ ծանոթանալ կառավարության մոտեցումներին»,-նշեց Սամվել Ֆարմանյանը:
Կարդացեք նաև
Այս նախաձեռնությունն օգտակար ու արդյունավետ գնահատեց Հայաստանի ազգային պլատֆորմի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: Նա Արեւելյան գործընկերությունը համարեց համաեվրոպական արժեքները սեփական երկրում ներդնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու լավ հնարավորություն եւ մանրամասնեց ազգային պլատֆորմի գործունեության հիմնական ուղղությունները: Իսկ համատեղ ծրագրերը, Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ, կզարգացնեն հարաբերությունները ոչ միայն Եվրամիության հետ, այլ նաեւ կապահովեն համագործակցություն հարեւան երկրների միջեւ:
Քննարկման մասնակիցներին ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթթը: Տրայան Հրիստեան, ողջունելով այս ձեւաչափով քննարկումները, դրանք համարեց ամուր հիմք ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու համար: Նրա բնորոշմամբ՝ ԵՄ-ի հետ մերձեցման ճանապարհին դրական քայլերն ակնհայտ են, ինչը վկայում է բանակցությունների՝ ճիշտ ուղով ընթանալու եւ բարեփոխումները Հայաստանում շարունակելու անհրաժեշտության մասին: Բարեփոխումների հաջողման գործում բանախոսը կարեւոր համարեց թե քաղաքացիական հասարակության, թե իշխանությունների, թե լրատվամիջոցների նպաստը: «Խորհրդարանը իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսությունն ապահող կամուրջն է»,-ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը` հավելելով, որ Ազգային ժողովն անելիքներ ունի նաեւ Հայաստանի եւ Եվրամիության օրենսդրությունները ներդաշնակեցնելու գործում՝ պայմանավորված Արեւելյան գործընկերության գործողությունների նոր ծրագրով ու Ասոցացման համաձայնագրով: Տկն. Դագմար Բոթթը եւս համոզմունք հայտնեց, որ խորհրդարանականների այս նախաձեռնությունը կբացահայտի նոր գաղափարներ ու մտքեր, կնպաստի, որ Հայաստանում բարեփոխումներն ընթանան բնակչության պահանջներին համահունչ:
Բրյուսելում անցկացվելիք նիստի օրակարգային հարցերը հաշվի առնելով՝ համաժողովում հնչեց երեք ելույթ: Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության օրակարգը, բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները ներկայացրեց ԱԳՆ Եվրամիության բաժնի պետ Մհեր Մարգարյանը: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը մանրամասներ հաղորդեց Հայաստան-ԵՄ համագործակցության տնտեսական բաղկացուցչի մասին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ 2012-2013 թթ. համապետական ընտրություններին:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ ԱԺ բոլոր խմբկացություններից: Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ բոլորի նպատակադրումները նույնն են, տարբեր կարող են լինել դրանց իրականացման ընթացակարգերը միայն: Հայկական պատվիրակության ղեկավարը հույս հայտնեց, որ համագործակցությունը խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության միջեւ կկրի կառուցվածքային բնույթ:
ՀՀ Ազգային ժողով