«Ռոբերտ Քոչարյանի եւ Աերժ Սարգսյանի պայքարը սկսել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ երբ պարզ էր, որ Քոչարյանը պետք է 2008 թվին հեռանա, հարց էր առաջանում` նա հեռանում է միայն նախագահի՞ աթոռից՝ պահպանելով իշխանությունը, թե՞ նաեւ իշխանությունից է հեռանում, եւ, բնականաբար, Սերժ Սարգսյանը, ակնկալելով ամբողջական իշխանության տիրանալ, չէր ցանկանում, որ Քոչարյանը հեռանա՝ պահպանելով իր իշխանությունը»,- «Ելակետ» ակումբում, խոսելով նախագահական ընտրությունների մասին, ասաց քաղաքագետ Արմեն Աղայանը, նշելով, որ բոլորն էլ հիշում են, թե ինչ կատարվեց համագումարների պատերազմի ժամանակ. այսինքն՝ Հանրապետակա՞նը ավելի շուտ համագումար կանի, թե՞ «Բարգավաճ Հայաստանը», ո՞վ իր շարքում կներգրավի ավելի շատ օլիգարխ եւ այլն, իսկ արդյունքում տեսանք, որ այդ պայքարում Հանրապետականը հաղթեց, հետագայում նրա հաղթանակը դրսեւորվեց նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եւ Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալ «Բարգավաճ Հայաստանը» խոստացված 400 հազարի փոխարեն ստացավ ընդամենը 200 հազար քվե, ու հենց այդ ժամանակվանից կարծես թե Քոչարյանը հեռացավ իրական իշխանությունից, սակայն ռեւանշի ցանկությունը միշտ էլ մնում է:
«Հայաստանում վերջին 20 տարում ընդդիմություն ասվածը կամ ընդդիմության ձեւաչափը միշտ նախկին իշխանավորներն են, որոնք տարբեր բնութագրումներ ունեն, առաջինը՝ ռեւանշիզմն է, երկրորդը՝ որոշակի կուռքի ասպարեզ բերելը, որը ենթադրում է ամբոխավարական ձեւեր, ինչը 2008 թվականի ընտրությունների ժամանակ դրսեւորեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ մի կարեւոր առանձնահատկությունն այդ ընդդիմությունների այն է, որ նրանք գաղափարականությունից հրաժարվում են, այսինքն, փորձելով մեծ կոալիցիա ձեւավորել եւ բերելով այդ դաշտի մեջ տարբեր գաղափարական հոսանքների միավորներ, ի սկզբանե հրաժարվում են գաղափարախոսությունից: Այսինքն՝ հիմա ասենք օրինականությունը կվերականգնենք, հետո արդարությունը եւ այլն, ապա կսկսենք դեմոկրատիա խաղալ: Սա ասում Էր Լեւոն Տեր-Պետրոսյանը ու հիմա ԲՀԿ-ն էլ, ըստ էության, միավորում է մարդկանց համակարգային փոփոխության շուրջ, գաղափարական հարցեր չի դնում, որովհետեւ չունի էլ, եւ մեծ ցանկություն ունի համ ՀՅԴ-ին, համ էլ Կոնգրեսին նույն դաշտում տեսնելու»,-նշեց Աղայանը՝ շարունակելով, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պայքարը այսօր էլ շարունակվում է նույն ուժգնությամբ, մնում է հասկանալ, թե այդ պայքարի իմաստը որն է: Քաղաքագետը գտնում է՝ այս ընտրությունների ժամանակ եթե Ռոբերտ Քոչարյանը պայքարեր, ապա նա դա կաներ իր դեմքով, եթե ցանկանար հաղթել: «Ըստ էության, մենք այսօր գործ ունենք 2018 թվականի իշխանափոխության օրակարգի վաղաժամ քննարկման երեւույթի հետ: Այսինքն՝ բոլոր խաղացողների հիմնական հարցը հետեւյալն է, ո՞վ է լինելու Սերժ Սարգսյանից հետո իշխանության առաջին դեմքը: Եթե Սերժ Սարգսյանը հեռանալու է՝ իշխանությունը փոխանցելու է Քոչարյանի՞ն, թե՞ մի նոր անձի, օրինակ՝ Տիգրան Սարգսյանին, կամ՝ իր փեսային …Այսօր քաղաքական ուժերը փորձում են այդ հարցը կանխատեսել եւ ըստ այդմ դիրքորոշվել՝ եթե Քոչարյանը պետք է լինի՝ հենց այսօրվանից նրա հետ լավ լինեն»,-հավելեց Աղայանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ