Շնչառական հիվանդությունները բոլոր հիվանդությունների մեջ 76% են կազմում: Այսօր «Տեսակետ» ակումբում ասաց հանրապետության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
Նրա խոսքերով՝ այդ հիվանդությունների մեծ մասը գալիս են ու անցնում եւ մեծ վտանգ չեն ներկայացնում: Այս հիվանդությունը սովորական հարբուխն է, որը, ինչպես բժիշկն ասաց, ժողովուրդը շատ հաճախ խառնում է գրիպի հետ, մինչդեռ դա, կարելի է ասել, մրսածություն է: Հարբուխի դեպքում բժիշկը խորհուրդ տվեց նախ ընդունել հիվանդի տեսք.«Մնալ տանը, պառկել, շատ խմել տաք ջուր, բնական հյութեր, առանց կոնսերվանտների, որովհետեւ դրանք կարող են այլ շնչառական հիվանդություններ առաջացնել: Հարբուխի դեպքում պետք չէ դեղեր խմել, պետք է տալ ժամանակ, որ օրգանիզմն ինքը դա կարգավորի, իսկ օրգանզիմն անպայման կկարգավորի: Եթե հարբուխը 3 օրից չի անցնում, ապա պետք է դիմել բժշկի, որն էլ ճիշտ նշանակումներ կանի»: Թոքերի օբստրուկտիվ քրոնիկ հիվանդությունների, շնչառական հիվանդությունների, որոնց թվում է նաեւ բրոնխիալ ասթման, մեծ աճ է նկատվում Հայաստանում, եւ դրան առավելապես նպաստում է օդի աղտոտվածությունը` տրանսպորտային մեքենաների արտանետումները, ոչ ռացիոնալ շինարարությունը, որից վտանգավոր փոշի է արտանետվում եւ այլն. «Մարդկությունը եթե մի քիչ քիչ միջամտի բնությանը, ապա բնությունը մեր կյանքը կապահովի»:
Բժշկի դիտարկմամբ` Հայաստանում չկա կուլտուրա, եւ ընդունված չէ, օրինակ, առողջության համար վտանգավոր արտադրամասերում աշխատանքի ընդունելուց առաջ բուժզննում անցկացնել, քանի որ կան աշխատանքներ, որոնք տվյալ մարդու համար հակացուցված կարող են լինել, եւ չհետազոտվելու պատճառով, ասենք, եռակցողը ընդամենը 2 տարուց մահանա:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ