Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական կոնսուլտացիաները՝ առեւտուր անելու դրսեւորումներ

Նոյեմբեր 19,2012 14:32

«Քաղաքականության մեջ հաճախ գլխավոր նպատակը պրոցես սկսելն է, անկախ նրանից, այդ պրոցեսն իր վերջն ունենալու է, արդյունքի հասնելու է, թե ոչ»,- այս կարծիքին է քաղաքագետ Արմեն Աղայանը:

Քաղաքագետը, անդրադառնալով նախագահական ընտրություններից առաջ երկրում տիրող իրավիճակին, մասնավորապես, ԲՀԿ-ի քաղաքական կոնսուլտացիաներին  ու նպատակներին, հետեւյալ տեսակետը հայտնեց. «Քաղաքական քայլերը կարծես թե ներքին խաղ է, որն այնքան էլ ժողովրդական ձայներ ձեռքբերելուն միտված չէ: Սա դեռ քարոզարշավ չէ, այլ՝ մի տեսակ տարբեր քաղաքական միավորների, միմյանց միջեւ բանակցելու, առեւտուր անելու դրսեւորումներ են, ու դեռ պարզ չէ, այդ բոլոր ուժերը կմասնակցե՞ն ընտրություններին, թե՞ խաղից դուրս կմնան»:

Աղայանը գտնում է, որ հիմնական պայքարը բանակցային գործընթացի առեւտրի փուլում գնում է ԲՀԿ-ի համար. «Մի կողմից իշխանությունն է ուզում, որ ԲՀԿ-ն խաղից դուրս գա՝ ճանաչելով Սերժ Սարգսյանի անառարկելի առաջնորդությունը,  այդ թվում՝  ԲՀԿ-ում հավաքված գործիչների եւ նրանց կցված ընտրազանգվածի համար, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանն է փորձում խաղալ մի քանի քաղաքական միավորներով, եւ առաջին հերթին ու հիմնականում՝ ԲՀԿ-ով, դրա համար ցանկություն ունի, որ ԲՀԿ-ն իր ծրագրերով գործի, երրորդ խաղացողը՝ ԲՀԿ-ի համար, դա ասպարեզից հեռացող ՀԱԿ-ն է, որն էլ փորձում է իր գոյությանը իմաստ հաղորդել ԲՀԿ-ի հետ համագործակցության ձեւով, բայց այն ԲՀԿ-ի հետ, որը կապ չի ունենա Քոչարյանի հետ եւ չի լինի իշխանական»:

Աղայանի խոսքով՝ բնականաբար, ԲՀԿ-ի համար պայքարում են հենց ԲՀԿ-ի ներսում եւս: Ըստ նրա՝ ՀՅԴ-ի դեպքում դժվար է ասել, թե վերջինս պայքարում է ԲՀԿ-ի համար, որովհետեւ ավելի շատ ապագա քաղաքական իրավիճակում կողմնորոշվելու ու իր տեղը ֆիքսելու խնդիր ունի: Ու այս պահին ամենաքիչ հավանականը, ըստ քաղաքագետի, որ որեւէ ընդդիմադիր ձեւաչափին կմիանա՝ դա «Ժառանգությունն» է, որն էլ իր ինքնատիպությունը ձեւակերպել է դեռեւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930