«Քաղաքական ուժերը նման կոնսուլտացիաներ պետք է սկսեին 3-4 տարի առաջ: Որպես քաղաքական տեխնոլոգիա՝ էլի նորմալ է: Խոսել լուրջ քաղաքական կոնսոլիդացիայի մասին՝ տվյալ դեպքում անհնար է»,- այսօր «Հայելի» ակումբում ԲՀԿ-ի կոնսուլտացիաների մասին այսպիսի տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա մի անեդոտ պատմեց՝ նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների շուրջ. «Անեկդոտ կա: Ասում է՝ մամա՛, նայիր, էս մարդը քաչալ ա: Ասում է՝ սուս կլսի: Ասում է՝ ի՞նչ է, ինքը չգիտի՞, որ քաչալ է: Հիմա երեք նախագահների եռանկյունը բոլորը գիտեն»:
Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Անուշ Սեդրակյանը հայտարարեց, որ «Ժառանգության» հետ կնքած «Ուխտ նոր Հայաստանի» հուշագիրը ուժի մեջ չէ այլեւս: Նրա մեկնաբանությամբ. «Քանի որ արդեն հայտարարել է «Ազատ դեմոկրատները», որ չի պաշտպանելու «Ժառանգության» թեկնածուին՝ այն արդեն ուժի մեջ չէ»: Մեր դիտարկմանը, որ փաստորեն խախտեցիք այդ ուխտը՝ նա չհամաձայնեց՝ ասելով, որ «Այդ քայքայման պրոցեսը մենք չենք սկսել՝ «Ժառանգությունն» է սկսել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ