Անին ու Վարդանը համակուրսեցիներ են եղել, սակայն ժամանակի ընթացքում Անին Վարդանի համար ավելին է դառնում, քան պարզապես համակուրսեցի: Ամեն օր ծաղիկներ, սիրային բացիկներ, նամակներ, միայն թե անպատասխան էր նրա սերը, Անին Վարդանին ընդունում էր միայն որպես համակուրսեցի: «Ես Վարդանին ասում էի, բացատրում, որ այսպես միայն ինքն իրեն է ցավ պատճառում, որպես լավ մարդ՝ շատ սիրելով հանդերձ, խնդրում էի հեռու մնալ ինձանից և փորձել նոր կյանք սկսել, սակայն նա չէր համաձայնվում, և միշտ ասում էր. «Ես երևի եզակի ու տարօրինակ մարդ եմ, որովհետև ինչ էլ պատահի, միևնույն է, սիրելու եմ քեզ, քանի դեռ շնչում եմ», – պատմում է Անին: Այդպես անցավ շուրջ երկու տարի. Վարդանը դեռ սիրում էր Անիին, Անին էլ նույնն էր զգում նրա հանդեպ, ինչ երկու տարի առաջ, ասում է. «Նույնիսկ ինքս ինձ ստիպեցի փորձել, հնարավորություն տալ Վարդանին, բայց միևնույն է, ես նրա հանդեպ ոչինչ չէի զգում»: Թվում է, թե այդ երկու տարվա ընթացքում ամեն ինչ նույնն է մնացել, նույնիսկ կարծես ժամանակն էր կանգ առել, բայց ոչ, ամեն ինչ նույնն էր, բացի Վարդանի որոշումից: «Վարդանի քույրը հիվանդության հետևանքով մահացել էր, բայց մինչ մահանալը տվել էր մի մատանի Վարդանին, խնդրելով այն նվիրել իր կնոջը, – պատմում է Անին, – մի օր, երբ պարապմունքից տուն էի վերադառնում ճանապարհին Վարդանին տեսա, խոսեցինք երկար և նա բռնեց ձեռքս ու ափիս մեջ դրեց այդ մատանին, մինչ շտապում էի ետ վերադարձնել՝ բացատրելով, որ սխալ որոշում է, նա ասաց. «Խնդրոմ եմ, պահիր մատանին քեզ մոտ, սա ոչ մի պարտավորություն չի դնում մեր հարաբերություններում, պարզապես պահիր այն քեզ մոտ», ես էլ ոչինչ չկարողացա ասել»: Այդպես անցավ ևս մի քանի ամիս, իրավիճակը դեռ նույնն էր մինչ այն պահը, երբ Անին արդեն ոչ թե խնդրում էր Վարդանին իրենից հեռու մնալ, այլ պահանջում էր, պատճառը մեկն էր՝ Անին արդեն ընկեր ուներ և պատրաստվում էր ամուսնանալ: Թեև Վարդանի համար շատ դժվար էր, բայց նա խոստացավ կատարել Անիի ցանկությունը, հիշեցնելով այն, ինչ ասել էր տարիներ առաջ. « Ես երևի եզակի ու տարօրինակ մարդ եմ, որովհետև ինչ էլ պատահի, միևնույն է, սիրելու եմ քեզ, քանի դեռ շնչում եմ»:
Անին ամուսնացավ, ու թվում էր թե երջանիկ է, չէ՞ որ ամուսնացել է այն մարդու հետ, ում ինքն էր ընտրել, բայց նրա երջանկությունը կարճ տևեց, տարիներ անց նա հեռացավ իր ամուսնուց: «Շատ մենակ էի ինձ զգում, շատ ընկճված, գրեթե տնից դուրս չէի գալիս, նյարդայնանում էի շուրջս գտնվող մարդկանց հայացքներից ու անվերջ հարցերից», – պատմում է Անին: Բայց ամիսներ անց պատահաբար դրսում հանդիպում է Վարդանին, զրուցում են ու Վարդանն առաջին իսկ խոսքից հասկանում է, թե ինչ է եղել Անիի կյանքում: Դեռ մի շաբաթ էլ չէր անցել, ինչ Վարդանը զանգում է Անիին ու հրավիրում թեյ խմելու, Անին էլ համաձայնվում է. զրուցում են, Անին պատմում է ամեն ինչ, Վարդանն էլ մխիթարում է՝ հավատացնելով, որ պետք չէ տխրել, ամեն դժվարություն էլ հաղթահարելի է: Շարունակվում են հեռախոսային խոսակցությունները, մինչև մի օր ամեն ինչ ավելի է լրջանում մի հաղորդագրությունից ընդհամենը. «Ես ուղղակի դողում էի, երբ կարդացի, հաղորդագրության մեջ գրված էր ճիշտ նույն նախադասությունը, ինչ որ Վարդանը միշտ էր սիրում կրկնել, – ասում է Անին, – այնտեղ գրված էր՝ ես երևի եզակի ու տարօրինակ մարդ եմ, որովհետև ինչ էլ պատահի, միևնույն է, սիրելու եմ քեզ, քանի դեռ շնչում եմ»:
Արդեն 1 տարի է, ինչ Անին ու Վարդանն ամուսնացել են, հիմա Անին հաճույքով կրում է Վարդանի քրոջ նվիրած մատանին, որն այդքան տարիներ իր մոտ էր պահել: «Ես հասկացա, թե որն է իրական սերը, ճիշտ է, ես զգում եմ, որ Վարդանի սերն ավելի ուժգին է, քան իմը, բայց ես նրան շատ եմ սիրում՝ իր մարդկային տեսակի համար», – ասում է Անին:
Տիգրանուհի Թասլակյան