Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը հետաքրքրված է հայկական նախագծերով. «Citybugs.am» նախագիծը հաղթող է ճանաչվել Վրաստանում

Նոյեմբեր 19,2012 13:26
«X-Tech»

«X-Tech» ստուդիոյի հիմնադիր նախագահ Արման Աթոյան

Նոյեմբերի 14 -17 Վրաստանի հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է հինգերորդ ամենամյա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Տարածաշրջանային Միջոցառումը («GITI-2012», Կոնֆերանս, Էքսպո և Մրցանակաբաշխություն): Այն կազմակերպել էին Վրաստանի ՏՀՏ Գործարար Խորհուրդը և Վրաստանի Արդարադատության նախարարությունը: Միջոցառման նպատակն էր ստեղծել ու խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական ու մասնավոր հատվածների, ասոցիացիաների և ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջև համագործակցությունը` նպաստելու նորարարությունն ու մրցունակությունը:

Հայաստանը նույնպես մասնակցել է «GITI-2012»-ին: 50 հոգանոց պատվիրակության մեջ է եղել նաեւ Հովհաննես Աղաջանյանը, ով «X-Tech» կրեատիվ ստուդիոյի ներկայացուցիչն է եւ «Citybugs.am» նախագծի ղեկավարը: Վերջինս «Առավոտ երիտասարդականին» պատմեց, որ իրենք նախապես հայտ էին ներկայացրել երկու անվանակարգերում` The Best Integrator of the Year և The Best Multimedia Project: Այս երկուսում էլ հաղթող է ճանաչվել իրենց` «Citybugs.am» նախագիծը: Աղաջանյանի խոսքով, առաջին անվանակարգում հաղթելու համար անհրաժեշտ էին հետեւյալ պայմանները. ինտեգրատորը որքա՞ն օգտակար կարող էլ լինել  հասարակ քաղաքացիների համար եւ համագործակցելով պետական համակարգերի հետ, ի՞նչ խնդիրներ է կլուծի:
Երկրորդ անվանակարգում ուշադրություն է դարձվել «Citybugs.am»-ի դիզայնին` որքա՞ն գրավիչ, ինտերակտիվ ու նորարար է այն:
Ինչպես Հովհաննես Աղաջանյանն է ասում` նրանց մրցակիցը վրացական խոշոր մի կազմակերպություն էր: Պատմում է, որ «X-Tech» անունը, որպես հաղթող լսելիս հեռախոսը ձեռքից գցել է, շատ էր զարմացել:
«Մենք ակնկալում էինք հաղթանակ մեկ անվանակարգում, թեեւ երկու անվանակարգերում ներկայացել էինք: Շատ հպարտ ենք, որ արտերկրում կարողացանք բարձր պահել մեր երկրի պատիվը»,- ասում է « X-Tech» կրեատիվ ստուդիոյի ներկայացուցիչը: Այս հաղթանակը իրենց վստահություն է ներշնչել եւ տվել ավելի ու ավելի աշխատելու ցանկություն:
Աղաջանյանը նկատել է` Վրաստանում հետաքրքրված էին իրենց նախագծով: Նա ասաց, որ այժմ բանակցություններ են տարվում վրացական կողմի հետ, որպեսզի «Citybugs.am»-ը տարածում գտնի նաեւ այնտեղ, բայց մինչ այդ, իրենք կփորձեն  ծրագիրը տարածել Հայաստանի մարզերում:
«X-Tech» կրեատիվ ստուդիոն առաջին անգամ չէ, որ մասնակցում է «GITI» ցուցահանդես-մրցույթ-էքսպոյին: Աղաջանյանի պնդմամբ, 2010թ. իրենք կրկին հաղթող են ճանաչվել The Best Multimedia Project անվանակարգում:
Խոսելով «X-Tech» ընկերության մասին` ներկայացուցիչը հայտնեց, որ ստեղծվել է 2008 թվականին: Հիմնադիր նախագահը` Արման Աթոյանն է, ով նաեւ «Citybugs.am»-ի հեղինակն է: Ընկերությունը զբաղվում է կայքերի եւ խաղերի պատրաստմամբ:

Արամ Արարատյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930