Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր չբերվեցին մի շարք պաշտոնատար անձանց, օլիգարխների բնակարաններ ավազակային հարձակումներ գործած (ըստ մեղադրանքի) Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արման Դալլաքյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արթուր Մանուկյանը: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 16-ին դատարանում ստացվել է արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից գրություն, որ կալանավոր Արման Դալլաքյանի մոտ առկա է «որովայնի շրջանում սպիտակ գծի ճողվածք»:
Նա նաեւ տեղեկացրել էր, որ կալանավորը այսօր պետք է ենթարկվի վիրահատության, իսկ ետվիրահատական շրջանը կտեւի 2 շաբաթ: Դատավորը հայտնեց նաեւ, որ այսօրվա նիստը հետաձգվելու մասին տեղյակ է պահվել ուղեկցողներին, պաշտպաններին, մեղադրողին, այդ իսկ պատճառով նրանք էլ չէին ներկայացել դատարան:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին: Ի դեպ, դահլիճում գտնվող ամբաստանյալների հարազատները ասում էին, որ Արմանը ինքնավնասման է դիմել՝ պատռել որովայնը:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ