Ընդամենը մեկուկես ամիս է, ինչ ԱԻԲԱ-ն բռնցքամարտի աշխարհի երիտասարների առաջնության կազմակերպումը վստահել է Հայաստանին եւ այդ ընթացքում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան առնվազն երկու տարվա կազմակերպական աշխատանքներ է իրականացրել:
Այդ առիթով ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը Aravot.am-ին ասաց. «Այս պահին բավականին ծավալուն աշխատանք է կատարվել եւ դրանք դեռ շարունակվում են: Հուսով եմ, որ ոչ մի խնդիր չի լինի եւ մենք պատշաճ մակարդակով կանցկացնենք նաեւ այս առաջնությունը ու մինչեւ մեկնարկը կազմակերպական բոլոր խնդիրները լուծված կլինեն: Հիմա բոլոր ուղղություններով ֆեդերացիան միաժամանակ աշխատում է: Մեր հավաքականն արդեն մեկ ամիս ուսումնամարզական հավաքում է, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պատրաստ է ընդունել մասնակիցներին եւ հյուրերին, որոնց ընդհանուր թիվը կանցնի հազարից: Թեեւ ունեինք որակյալ ռինգեր, բայց գնել ենք «Adidas» ֆիրմայի երկու նորը, որոնք այսօր հասան Հայաստան: Դրանք համապատասխանում են AIBA-ի ներկայացրած միջազգային ստանդարտների պահանջներին: Կնքել ենք նաեւ միջազգային բոլոր կազմակերպությունների հետ անհրաժեշտ պայմանագրերը, ընդհուպ, մինչեւ դոպինգ ստուգման, պայմանավորվել ենք հյուրանոցների հետ: Կազմակերպական բոլոր հարցերում ֆեդերացիային աջակցում են ՀԱՕԿ-ը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, «Մուրադին» ընկերությունը, իսկ պետական կառույցներին առայժմ աշխատում ենք չանհանգստացնել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ