Այն բանից հետո, երբ Թաիլանդը հրաժարվեց սիրողական բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունն իր մոտ անցկացնելու մտադրությունից, ԱԻԲԱ-ն այդ իրավունքը վերապահեց Երեւանին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանն այսօր Aravot.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց հետեւյալը. «Մենք պլանավորել էինք Երեւանում անցկացնել սիրողական բռնցքամարտի եկող տարվա Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Բայց երբ Թաիլանդը հրաժարվեց, ես պաշտոնական նամակով դիմեցի ԱԻԲԱ՝ աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում՝ ՄՀՀ-ում, ընդունելու պատրաստակամություն հայտնելով: Մանավանդ, որ 2009 թվականին այստեղ կայացած պատանիների առաջնությունը ԱԻԲԱ-ն համարել է այդ տարիքային խմբի երբեւէ կազմակերպված լավագույն մրցաշարը: Այն ժամանակ ինձ պատասխանեցին, թե իմ առաջարկը կքննարկեն: Այդ ընթացքում ես ստացա նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի համաձայնությունը եւ դա բավարար եղավ, որպեսզի այս առաջնության կազմակերպումը վստահեն մեզ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ