ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը հաշվարկել է նոյեմբերի 15-ին «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբար տանող խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով շրջակա միջավայրին հասցրած վնասի չափը: Նշենք, որ հինգշաբթի օրը Կապանից Ծավ տանող ճանապարհի երկայնքով կառուցված պոչամբարի խողովակաշարի վրա անցք էր բացվել, որտեղից էլ պոչամբար հոսող թափոնների արտահոսք է եղել մերձակա ճանապարհ եւ ասֆալտապատ տարածքին հարող հողատարածք:
Խողովակաշարի վթարը տեղի է ունեցել Կապան-Ծավ ճանապարհի առաջին կմ-ում, որի մասին տեսչությունն ահազանգ ստացել էր ընկերության աշխատակիցներից: Նույն օրը ընկերության կողմից վերացվել է վթարը, վնասը նվազեցնելու համար վնասված խողովակաշարը փոխարինվել է պահեստային խողովակներով, իսկ շրջակայք արտահոսած թափոնները բարձվել են մեքենաները եւ տեղափոխվել պոչամբար:
Կարդացեք նաև
«Մեր կողմից հանձնարարական էր տրվել տարծքը մաքրել եւ լվանալ թափոններից, ինչն էլ արվել էր: Տեղում կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վթարի հետեւանքով աղտոտվել էր ասֆալտապատ տարծքը հարող 288 ք.մ հողատարածքը, ջրային ռեսուրսներին ոչ մի վնաս չէր հասցվել: Ընկերության կողմից շրջակա միջավայրին հասցրած վնասի չափը կազմել է 2 մլն 888 հազար դրամ: Հավանաբար պոմպի հզորության տակ հոսող այդ ջրերի խողովակաշարի ցնցումների պատճառով էր, որ խողովակների միացման տեղում անցք էր բացվել եւ թափոները լցվել էին շրջակայք», – տեղեկացրեց բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, ով հավելեց, որ արձանագրված դեպքը այս տարվա թվով երկրորդ վթարն է, որը գրանցվել է «Դինո գոլդ»-ում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ