1977 թվականին Երևանից Սևան տանող ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրի հատվածում՝ «Չայնիի ոլորաններում», մեծ հանդիսավորությամբ տեղադրվեց քանդակագործ Հակոբ Խաչատրյանի կողմից պատրաստված կնոջ կերպարանքով պղնձե արձանը: Արձանը խորհրդանշում է կնոջը պատգամների ձայնը լեռներում և կոչվում է «Արձագանք»:
Այսօր ցանկացած հայաստանցի ու Հայաստան ժամանած հյուր, եթե անցնում են այս ճանապարհով, ապա առիթը բաց չեն թողնում որպես հուշ լուսանկարվելու արձանի մոտ: Սակայն կան բաշիբոզուկներ, որոնք վանդալիզմի են ենթարկում արձանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ արձանը մի քանի անգամ չարագործների կողմից մեծ վնասումների է ենթարկվել: Ամեն անգամ 61-ամյա քանդակագործ Հ. Խաչատրյանը մասնակի վերանորոգման է ենթարկել արձանը, սակայն այսօր արձանը և արձանին հարակից տարածքը գտնվում են անբարեկարգ, գարշահոտ, կենցաղային աղբով լցված վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարիներ առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ անհայտ անձը կամ անձինք գողացել էին արձանը: Եվ, միայն ենջանիկ պատահականությամբ, այդ ճանապարհով անցնելիս է եղել այն ժամանակվա ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, խիստ հանձնարարական էր տվել պատկան մարմիններին, որ հայտնաբերեն արձանը: Երեք օրվա ընթացքում հայտնաբերվում է արձանը, և նորից տեղադրվում նույն տեղում, ու որպեսզի պղնձագող ստահակները հերթական ոտնձգությունը չկատարեն արձանի նկատմամբ, ողջ արձանը լցվում է բետոնով:
Կարդացեք նաև
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, երբ Գ. Շամշյանը նշված արձանի մոտ էր, հավաքվածները արդարացիորեն իրենց զայրույթն էին հայտնում, որ իշխանությունը և ընդդիմությունը, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունները ամեն անգամ ամպագորգոռ հայտարարություններ են անում, որ իրենց համար արձանների պահպանումն ու խնամքը հայրենասիրության արգասիքի թիվ մեկ խնդիրն է, սակայն գոնե մեկ օր չեն բարեհաճի գալ էստեղ ու զբաղվել տարածքի բարեկարգմամբ: Իսկ պետական որոշ չինովնիկներ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան, Անկախության տոնի օրերին կենացներ կձոնեն, թե աչքի լույսի նման պահում ենք մեր տեսարժան վայրերում տեղադրված մնայուն արժեքները: Սակայն, պարզվում է որ պատկան մարմինները, այդ թվում՝ Մշակույթի նախարարությունը, Հուշարձանների պահպանության պետական կոմիտեն, Կոտայքի մարզպետարանը, Հրազդան քաղաքի քաղաքապետարանը և հուշարձանների պահպանության վերականգնման համար գրանդներ շահած կազմակերպություններ այս ուղղությամբ մատը մատին չեն տալիս:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի