Գյումրեցիներից շատերի հավաստմամբ, 13 տարվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոչ մի կերպ չի համակերպվում իր գահընկեց լինելու հետ, նա ամենուր ներկայանում է իբրեւ քաղաքապետ: Երկու օր առաջ` Գյումրու թաղային հեղինակություններից մեկի եղբոր հուղարկավորության ժամանակ մեռելատանը գտնվող գյումրեցիները պատահաբար տեսել են, որ Վարդան Ղուկասյանի ուղարկած ծաղկեպսակի վրա մակագրված է . «Հարգանքներով` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից»:
Պարոն Ղուկասյանից հետ չի մնում նաև նրա երկարամյա տեղակալը` կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը. վերջինս այս կամ այն կառույց զանգահարելիս ներկայանում է այսպես. «Ձեզ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանն է անհանգստացնում»: Այնպես որ Գյումրիում այսօր «երկիշխանություն» է. Ղուկասյանի թիմակիցները Սամվել Բալասանյանին ոչ մի կերպ որպես քաղաքապետի չեն ընդունում, նրանց համար միակն ու անկրկնելին Վարդան Ղուկասյանն է, հատկապես որ վերջինս հայտարարել է` «Մի քիչ էլ դիմացեք, հո էսպես չի մնա, բան չմնաց. 4 տարի հետո էլ նորից կգնանք մեր կառուցած քաղաքապետարանի շենք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ