Երեկ` նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Լճափ» բենզալցակայանի մոտ, բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի Տ1064 համարանիշի և «ԳԱԶ 3102» մակնիշի 303 ՏԼ 65 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «ԳԱԶ 3102»-ից թափվում էր բենզինը: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները` 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև` փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Հրշեջ-փրկարարները վթարի վայրում լվացման աշխատանքներ կատարեցին, քանի որ հնարավոր էր` անզգույշ կայծի հետևանքով հրդեհ բռնկվեր: Վթարի վայր են ժամանել նաև 1-03 ծառայության շտապ բուժօգնության բրիգադները, սակայն վարորդները պատճառաբանեցին, որ հրաժարվում են բժշկական օգնությունից` վնասվածքներ չունենալու համար:
Դեպքի վայրում հավաքվածները ՃՈ աշխատակիցներին, Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին և ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Արմեն Կոնջոյանին հայտնում էին, որ վթարի հիմնական մեղավորը սև գույնի «Մերսեդեսն» է եղել, որը բախվել է ավտոմեքենաներին և դիմել փախուստի:
Կարդացեք նաև
Իրականությանը համապատասխանու՞մ է նշված տեղեկատվությունը, թե` ոչ, դա պետք է պարզվի հետաքննության ընթացքում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի