Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու զգացմունքների արանքում. Աննան հիմա օրերն է հաշվում

Նոյեմբեր 17,2012 18:28

«Ինձ զրկել էին ազատությունից»: Այսպես է աղջիկը բնորոշում իր դեռահասության շրջանը: 16 տարեկան էր, ծնողները արգելել էին տանից դուրս գալ, ժամանակ անցկացնել ընկերների հետ, գնում էր միայն դպրոց և պարապմունքի: Նույնիսկ դասարանցիների կազմակերպած հավաքույթներին ներկա չէր լինում: Հայրը թույլ չէր տալիս շփվել տղաների հետ՝ պատճառաբանելով, որ նրանց մտքին միշտ ուրիշ բան կա: Ընկերուհիներ էլ չուներ. աղջիկները Աննային համարում էին ինքնամփոփ, լռակյաց, անհետաքրքիր անձնավորություն ու խուսափում նրա հետ զրույցներից: «Չկար մեկը, ում հետ կարողանայի կիսվել, պատմել ապրումներս, մայրս իրեն սառն էր պահում, նրա հետ խոսում էի այնպես, ինչպես կխոսեի ուսուցչուհուս հետ: Ես նաև չգիտեի, թե ինչ է նշանակում սիրահարվել»,- պատմում է նա: Աննան ընտանիքի միակ զավակն էր, ով իրեն միայնակ զգալով ՝ որոշում է ընկերներ ձեռք բերել: Եվ քանի որ իրական կյանքում ամաչկոտ ու էր ու մենակյաց, փորձում է վիրտուալ աշխարհում ազատություն տալ իր մտքերին: Ծնողներից թաքուն գրանցվում է համացանցում, ընկերության առաջարկ անում շատերին` թե աղջիկների, և թե տղաների: «Սկզբում գրեթե բոլորի հետ էլ շփվում էի, սակայն աղջիկներն ուշ-ուշ էին պատասխանում գրածներիս, հասկացա, որ նրանց պարզապես խանգարում էի: Շարունակեցի շփվել մի քանի տղաների հետ, որոնցից մեկին՝ Նարեկին, հավանեցի: Նրա մեջ ես ինձ էի տեսնում. նույն նախասիրությունները, բնավորության գծերը: Մենք այնքան մտերմացանք, որ սկսեցինք ամեն օր խոսել»,-պատմում է Աննան ու հավելում՝ մի քանի ամիս անց նա ջնջում է իր բոլոր տղա ընկեներին ու շփվում միայն նրա հետ՝ սակայն խուսափելով նշել որևէ կոնտակտային տվյալներ, միայն անունն է ասում: Մի օր խոսելով մայիսին կայանալիք ավարտական միջոցառումից՝ Աննան միամտաբար ասում է իր դպրոցի անունը ու զղջում՝ վախենալով, որ Նարեկը իրեն կգտնի: «Նա շատ էր ուզում ներկա լինել իմ «Վերջին զանգին», սակայն ես պնդում էի, որ եթե գա, երբեք չեմ խոսի իր հետ, թեպետ սրտիս խորքում իսկապես ուզում էի, որ նա դա աներ»,-հիշում է Աննան: Նրա խոսքով՝ երկուսն էլ հրապուրվել էին միմյանցով, սակայն եթե Նարեկը խոստովանում է իր զգացմունքները, ապա Աննա ամեն կերպ փորձում էր թաքցնել դրանք, իսկ շփումը բացատրում է նրանով, որ ինքը ընկերներ չունի, իսկ նրան ընկերոջ պես է սիրում: Տղան խնդրում է տալ իր հեռախոսի համարը ՝ երդվելով, որ կզանգի միայն այն ժամանակ, երբ Աննան թույլ տա, սակայն աղջիկը կտրականապես մերժում է: Նարեկը առաջարկում է նաև նկարները տեղադրել համացանցում ՝թեկուզ մի քանի րոպեով, սակայն կրկին ապարդյուն . «Ես վախենում էի սխալվելուց, նաև ամաչում էի, որովհետև համացանցի միջոցով էինք ծանոթացել, ինչ կմտածեին ուրիշները, եթե իմանային դրա մասին, էլ չեմ խոսում ծնողներիս մասին, հայրս ինձ կսպաներ»: Անցնում են ամիսներ, Աննան ընդունվում է համալսարան՝ Արևալագիտության ֆակուլտետ: Մինչ այդ Նարեկը շարունակում է նրան հանդիպման հրավիրել, սակայն ամեն անգամ մերժում է ստանում, մի օր էլ համացանցով գրում է.«Ես մեկնում եմ ԱՄՆ՝ աշխատելու, չեմ վերադառնալու, քեզ շատ եմ սիրում կյանքս, պատրաստ եմ քեզ ամեն բանով օգնել, եթե հարց լինի, անպայման դիմի ինձ, կարևոր չի,թե ես որտեղ եմ,-հիշում է Աննան ու թախծում,-«ես միայն բարկացա՝ նա չպետք է ինձ այդպես դիմեր, իրավունք չուներ, փոխարենը պետք է պայքարեր ինձ համար, սակայն եթե այդպես է որոշել, իր գործն է, ես առանձնապես չեմ տուժի»:  Սակայն մեկ շաբաթ էլ չի անցնում ՝ աղջիկը ծանր հիվանդանում է, ծնողներն անհանգստանում են, իսկ նա բժիշկների անունն անգամ չի ուզում լսել…«Նրանք չէին հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ, իսկ ես մտքում մեղադրում էի նրանց ու որպես պատիժ՝ չէի խոսում նրանց հետ, երբեմն նույնիսկ արհամարհում էի, հայելին էր իմ միակ ընկերը: Եթե իմանայի, որ բաժանումը այդպես ծանր կլինի…»,-ասում է նա (չի շարունակում-հեղինակ):

Աննան ջնջում է սոցիալական ցանցից իր էջը՝ այդպիսով փորձելով ջնջել նաև զգացմունքները: Որոշ ժամանակ անց նա բացում է նորը ՝ այս անգամ իրական նկարներով և տվյալներով: Համալսարանում ծանոթանում է մեկ ուրիշ տղայի հետ: Նրա հետ շփվում է սոցիալական ցանցում: «Ես փորձում էի մոռանալ Նարեկին և դա անում էի Արսենի միջոցով՝ կրկին ծնողներիցս թաքուն»,-ասում է նա: Մեկ ամիս անց նրանք ընկերություն են անում, սակայն աղջկա հավաստմամբ՝ սկզբում նա չէր սիրում ընկերոջը, դա միայն վրեժխնդրություն էր: Նախկին զգացմունքները, սակայն, նրան հանգիստ չեն տալիս, Աննան դիմում է խորամանկության.  սոցիալական ցանցում ոչ իր անունով նոր է բացում էջ է բացում, գտնում Նարեկին և խոսում նրա հետ. «Ես ուզում էի ճշտել իմ զգացմունքները, ինձ մոտ հարցական էր մնացել ինչու՞ գնաց, ինչու՞ չփորձեց գտնել ինձ: Ինչքան էլ սպառնում էի, որ չեմ խոսի նրա հետ այդպիսի բան անելու դեպքում, միևնույն է՝ ես հենց դրան էի սպասում»: Կարճ ժամանակահատվածում աղջիկը շահում է տղայի վստահությունը, ով սիրտը բացում է նրա առաջ. «Ես չկարողացա մոռանալ Աննային , 5 ամիս անց վերադարձա, գնացի համալսարան, նա շատ գեղեցիկ էր, սակայն իմ մեջ այդքան ուժ չգտա, որ մոտենամ նրան: Մի քանի օր անց նորից գնացի՝ այս անգամ վճռական. նա մի տղայի ձեռքը սեղմած՝ քայլում էր: Ես ավելորդ էի»,-գրել էր նա: Նա նաև ասում է, որ կրկին մեկնել է արտասահման ՝ 2 տարով աշխատելու:
Այժմ Աննան 18 տարեկան է: Ասում է՝ սիրում է իր ընկերոջը, սակայն հաշվում է ամիսները, 2 տարին շուտով կլրանա: Հույս ունի՝ մի օր պատահաբար կհանդիպի Նարեկին ու կկարողանա պատմել իր մեջ կուտակվածը, իսկ հետո կամ ընկերներ կմնան կամ մեկընդմիշտ հրաժեշտ կտա անցյալին:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930