Կոտայքի մարզի Արամուս գյուղի ուսուցիչ Նորայր Ստեփանյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբեր 26-ին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրայր Սարգսյանն ընդունել է դատաքննություն նշանակելու որոշում:
Նորայր Ստեփանյանը մեղադրվում է զգալի չափի՝ 30.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու, փաստաթղթի կեղծման, սուտ ցուցմունք տալուն դրդելու և անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Նորայր Ստեփանյանն աշխատել է Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, միաժամանակ նաև ֆիզիկական կուլտուրայի մեթոդ միավորման նախագահ, ընդգրկված է եղել «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների ընդունման հանձնաժողովի կազմում: Ուստի հանդիսանալով կազմակերպչական գործառույթներ իրականացնելու, աշակերտների քննության արդյունքների ամրագրման իրավասություններ ունեցող պաշտոնատար անձ, 2011-2012 թ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի 12 Բ դասարանի աշակերտուհի Մարիամ Արշակյանին «ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամերից ազատելու և նույն առարկայի ավարտական և պետական ավարտական քննության ժամանակ վերջինիս դրական գնահատական արձանագրելուն նպաստելու համար Մարիամ Արշակյանի հայր Մելիք Արշակյանից 2011 թ. հոկտեմբերին Արամուսի գյուղապետարանի վարչական շենքի դիմաց որպես կաշառք առձեռն ստացել է զգալի չափի` 30.000 ՀՀ դրամ գումար: Դրա դիմաց, Մարիամ Արշակյանի բացակայության պայմաններում՝ կեղծելով իրավունք վերապահող, «Վլադիկ Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոցի 12 Բ դասարանի դասամատյանը, դրանում չի հաշվառել վերջինիս բացակայությունների մեծ մասը, ավելին նշանակել է բարձր գնահատականներ, իսկ «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ նպաստել է վերջինիս դրական գնահատական ստանալուն:
Կարդացեք նաև
Բացի այդ, մինչև ավարտական քննությունը հանձնելը չի հրահանգել աշակերտների մոտ ֆիզիկական գերբեռնվածություն չառաջացնելու համար նախատեսված նախավարժանքը կատարել, ինչի հետևանքով վազք 30 մետր բարձր մեկնարկից վարժությունն ավարտելիս օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակների կտրուկ անկման պատճառով առաջացած հավասարակշռության կորստի հետևանքով Մարիամ Արշակյանը վայր է ընկել և վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:
2012 թ. մայիսի 21-ին, Մարիամ Արշակյանի հոգեհանգստի օրը, տեղեկանալով, որ վերջինիս համադասարանցիները հրավիրվել են որպես վկա հարցաքննության, դպրոցի տնօրենի աշխատասենյակում, տնօրեն Սամվել Զոհրաբյանի, դասղեկ Լաուրա Պետրոսյանի ներկայությամբ, օգտվելով այն հանգամանքից, որ 12 Բ դասարանի աշակերտները դեռևս հանդիսանում են իրենց դպրոցի սաները, գտնվում են ավարտական պետական քննությունների հանձնման փուլում, համոզելու եղանակով Մարիամ Արշակյանի դասընկերներ Քնարիկ Թադևոսյանին, Նունուֆար Պողոսյանին, Շողինե Նիկողոսյանին, Արմինե Նիկողոսյանին, Շուշանիկ Վարդանյանին և Բելլա Խաչատրյանին դրդել է տալ սուտ ցուցմունք, իբրև Մարիամ Արշակյանի կողմից ֆիզկուլտուրա առարկայի ավարտական քննության «վազք 30 մետր բարձր մեկնարկից» վարժությունը կատարելիս վայր ընկնելուց հետո քննությունը դադարեցվել է, չեն թույլատրել նրան մինչև շտապօգնության գալը տեղաշարժել, տնօրենը զանգահարել է շտապօգնություն, հետաքրքրվել է Մարիամ Արշակյանի որպիսությամբ: Այդ ամենը լսելուց հետո Շողինե Նիկողոսյանը, Արմինե Նիկողոսյանը, Շուշանիկ Վարդանյանը և Բելլա Խաչատրյանը վրդովվելով Նորայր Ստեփանյանի վարքագծից և չենթարկվելով վերջինիս դրդչությանը, դուրս են եկել տնօրենի աշխատասենյակից, իսկ Քնարիկ Թադևոսյանը և Նունուֆար Պողոսյանը նույն օրը, ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում որպես վկա հարցաքննության ընթացքում, ենթարկվելով Նորայր Ստեփանյանի դրդչությանը, թաքցնելով իրականությունը, տվել են սուտ ցուցմունքներ: