Լրահոս
Օրվա լրահոսը

Ու՞մ և ինչի՞ համար են ԲՀԿ կրթաթոշակները

Նոյեմբեր 17,2012 17:13

Ավանդույթի համաձայն՝ այս տարի էլ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից ավելի քան 300 ուսանողներ կստանան կուսակցության կողմից անվանական կրթաթոշակներ: Սակայն կրկին ավանդույթի համաձայն՝ կրթաթոշակի հատկացման հետ կապված խնդիրների առումով ուսանողության շրջանում առաջացել են դժգոհություններ:

Ուսանողները դժգոհում են, թե կրթաթոշակների հանձնման հարցում կա խտրականություն: Օրիինակ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ուսանողները դժգոհում են, թե կրթաթոշակների հանձնումը տեղի է ունենում  սուբյեկտիվ սկզբունքներով, ինչի արդյունքում մի շարք սոցիալապես անապահով ուսանողներ չեն արժանանում կրթաթոշակի: Ավելին, բրյուսովցիները պնդում են, որ այն ուսանողներին, ովքեր արժանանում են ԲՀԿ-ի կողմից կրթաթոշակի, հետո պարտադրում են մասնակցել կուսակցական միջոցառումների կամ անդամագրվել կուսակցությանը:

Aravot.am-ը նշված դժգոհությունները փոխանցեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին: Նրանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սկզբունքներով և ո՞ր մարմինն է ընտրում  կրթաթոշակի արժանի ուսանողներին: Նա պատասխանեց. «Երիտասարդներ, ովքեր սովորում են բուհում, առաջադիմություն, անապահով կամ սոցիալապես ծանր իրավիճակ և վերջ: Նրանց, ովքեր ունեն նյութական օժանդակության ահրաժեշտություն, ուսման հետ կապված հոգսերը թերթևացնելու համար տրամադրում ենք կրթաթոշակ: Պարզապես նաև որպես խրախուսանք, որպես հույս արթնացնելու հնարավորություն երիտասարդների համար, որոնք կարող են երբևէ ապավինել ավելի նպաստավոր պայմաններում ուսում ստանալու համար»:

Ուսանողների կողմից արծարծված դժգոհությունները պարոն Ուրիխանյանը «հնարովի» անվանեց՝ պատճառաբանելով, թե դժգոհության դեպքում ուսանողները կդիմեին կուսակցության գրասենյակ: Հարցին, թե ո՞ր մարմինն է զբաղվում կրթաթոշակի արժանի ուսանողների ընտրության հարցով, պարոն Ուրիխանյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց և նշեց. «Երիտասարդների միությունն է իրականացնում այդ գործընթացը: Գրավոր դիմել են բոլոր բուհերին, որ իրենք իրենց հայեցողությամբ ներկայացնեն ուսանողներին, դիմել են նաև բոլոր տարածքային, մարզային կուսակցական կառույցներին»:

Փորձեցինք հստակեցնել, թե բուհերի կոնկրետ ո՞ր օղակին են դիմել, ասենք ուսխորհուրդներին, պարոն Ուրիխանյանը նշեց. «Ուսխորհուրդներին չեն դիմել, հենց բուհերին են դիմել: Բուհերի խնդիրն է՝ իրենք պիտի որոշեն ուսխորհուրդներով են անում, թե ոնց, բուհի ներսում կորոշեն, թե դրսում՝ իրենց խնդիրն է»:

Aravot.am-ը ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ԲՀԿ-ից իրենց դիմե՞լ են կրթաթոշակի արժանի ուսանողների ցանկ ներկայացնելու հարցով: Նա պատասխանեց, որ ԲՀԿ-ից իրենց նման հարցով չեն դիմել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930