Ասում է Ալվարդ Պետրոսյանը
– Տիկին Ալվարդ, վերջերս ձեր անունը շրջանառվում է Թերլեմեզյանի անվան քոլեջի համատեքստում: Այս կրթօջախը կապված է մի կողմից ձեր որդու` Նարեկ Առուշանյանի, մյուս կողմից` ձեր եղբոր` Սամվել Պետրոսյանի հետ: Իսկ այսօր ահա ձեր հարսի` Աննայի` տնօրենի պաշտոնակատար նշանակվելու համատեքստում է բարձրաձայնվում:
-Չգիտեմ` ինչու զարմանալի կերպով իմ հարսի կիբեռնետիկ լինելը դարձել է մեծագույն արատ: Նա միայն կիբեռնետիկ չէ, նաև` ազգագրագետ է, իր գիտական թեզը ազգագրությունից է: Ես շատ ուրախ եմ, որ նա այնտեղ գնաց: Եթե որևէ մեկը կարող է կանգնել ասել, որ բացի որդուցս, ինձնից ու հարսիցս Թերլեմեզյանի ուսումնարանում որևէ մեխ է խփել պատին, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ: Հարսիս անունը հատուկ շեշտում եմ, որովհետև այդ քոլեջում մի քանի գրանտային ծրագրեր հենց Աննան է իրագործել` կինոդահլիճը, ձուլարանը, որ քանդակի բաժնի համար երազի պես մի բան էր, և գրադարանը: Առաջին երկուսը լյուքսեմբուրգցի օտարների գրանտային ծրագիր էր, իսկ` գրադարանը ՀՕՄ-ի ծրագրով եղավ:
Կարդացեք նաև
Եվ ուզում եմ ասել, որ կիբեռնետիկ Աննա Մնացականյանը ծնվել-մեծացել է խիստ մշակութային ընտանիքում` հայրը լուսահոգի Մանուկ Մնացականյանն էր, Մայրը` Լիսիցյանների հայտնի տոհմից, իսկ` հարսիս կնքահայրը` Վիլյամ Սարոյանն էր: Մնացած` արդեն կանացի կյանքն էլ մեր ընտանիքում է անցել: Բայց այս բոլորը` թողնենք: Ասեմ, որ մեկուկես տարի` որդիս` Նարեկը այդ ահեղ հիվանդության տակ էր և մենք տեսնում էինք, տեղեկանում, թե ինչ զարհուրելի գործընթացներ էին ոմանք ծավալում քոլեջում:
– Վրա-վրա` տարբեր թերթերում կերպարվեստի աշխարհում անհայտ անուններ են կարծիքներ հայտնում Թեռլեմեզյանի շուրջ: Օրերս էլ ոմն Հրայր Գրիգորյան էր գուժում քոլեջի «վախճանը»:
– Այդ մարդուն անուն- ազգանունով ով գիտի` այ մականունն ասեք` Ֆընդըխ, բոլորը կասեն`ա~ մարդ, որ անձնական փաստաթղթերը կեղծելու համար վախից դիմում գրեց-փախավ քոլեջից: Թե չէ` կարող էին դատել որպես կեղծարարի: Էլ չխոսեմ` իր այլ արատների մասին: Իսկ թե ով է, ինչ կարգի նկարիչ է տվյալ մարդը, նկարիչներին կարելի է հարցնել:
Թերլեմեզյանի լավագույն տնօրեններ են եղել նաև` ոչ նկարիչներ: Պատմաբան Հովհաննիսյանի ժամանակ ծաղկում էր կրթօջախը, իսկ Արամ Դավթյանը ֆիզկուլտ ինստիտուտն էր ավարտել:
Ամենաահավորը, անթույլատրելին ոչ մի սրբություն չունենալն է` մեռած մարդկանց մասին նորից խոսելը: Բայց աշխատանքային օրենսգիրք կա, չէ, Սամվելի 65 տարին լրացել էր, պիտի հեռանար: Իսկ Նարեկը եկավ, կառուցեց, չէ, ոտքի հանեց:
Մի բան կասեմ` այս աղմկարարները գիտեն, թե ինչու են աղմկում.Նարեկ Առուշանյանի կինը` Աննա Մնացականյանը, որը նաև կիբեռնետիկ է, շատ լավ է տեսնում այն թնջուկը /Նարեկս զբաղված էր կահավորելով, կառուցելով` փլուզված Թերլեմեզյանը ոտքի հանելով/, դրա համար էլ առաջին պահանջը, որ Աննան ունեցավ կրթության նախարարությունից` աուդիտ հրավիրելն էր: Նարեկը դեռ ԱՄՆ-ում էր, քանդում էին քոլեջը, ահազանգում էին, թե այնտեղ զարհուրելի բաներ են կատարվում: Կարծում եմ` Աննան շատ համբերատար է, կգա պահը և նախարարությունն իր պատասխանը կտա այս աղմկարարներին, և Աննան: Մնացածը այնքան ծիծաղելի է` ոչ ես, ոչ Աննան` ավելի թանկ բան, որ ունեինք ու կորցրեցինք` չունենք:
Անահիտ ԵՍԱՅԱՆ