Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը 2007թ. հունիսի 22-ին թիվ 133 որոշումով հաստատել է քաղաքաշինական նպատակներով հողամասերի տրամադրման մրցույթի եզրափակիչ արձանագրությունները եւ քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Ա. Հակոբյանին, մասնագետ Է. Քամալյանին հանձնարարել է կազմել հողահատկացման փաստաթղթեր, մրցույթի հաղթողների հետ կապել հողամասերի կառուցապատման իրավունքով օգտագործման պայմանագրեր:
Այդ որոշումով Իջեւանի Անկախության փողոցի 1/41 հասցեում գտնվող 1500 քառակուսի մետր տարածքը 99 տարով,տարեկան 45000 դրամ վարձավճարով հատկացվել է Վարուժան Ներսիսյանի որդուն՝ Նաիրի Ներսիսյանին: Հողամասի տրամադրման նպատակը Տավուշի մարզպետարանի շենքից մոտ 50 մ հեռավորությամբ գտնվող քաղաքային զբոսայգու լճակի մոտ առեւտրի եւ սպասարկման օբյեկտ կառուցելն է:
Դրանից հետո, 2007թ. հուլիսի 18-ին համայնքի ավագանու նիստում քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը հայտնելով, որ «Սի-Էյչ-Էֆ» կազմակերպության աջակցությամբ քաղաքային զբոսայգու լճակի եւ դրա շրջակայքի նորոգման ծրագիր է իրականացվում, առաջարկել է որպես համայնքի ներդրում հատկացնել 9 միլիոն դրամ(4 միլիոն դրամը՝ լճակի, 5 միլիոնը՝դրա շրջակայքի բարեկարգման համար): Ավագանին հաստատել է քաղաքապետի առաջարկը: 2011թ. նոյեմբերի 11-ին Իջեւանի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղալումյանը: 2011թ. դեկտեմբերի 22-ին Նաիրի Ներսիսյանի եւ Իջեւանի քաղաքապետարանի(լիազորված անձ Արամ Մելիքսեթյանի) միջեւ կնքվել է համայնքային սեփականություն հանդիսացող այդ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որը նոտարական վավերացում է ստացել: Դրա նախօրեին՝դեկտեմբերի 21-ին Վ. Ներսիսյանի, որպես քաղաքապետի լիազորություններն ավարտվել են: Նույն օրը նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը գրավոր դիմել է անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանում եւ հայտնել, որ Վարուժան Ներսիսյանի լիազորությունները ավարտվել են, եւ վերջինիս կամ նրա լիազորած անձի հետ կնքված պայմանագրերը իրավական ուժ չուեն: Կադաստրի Իջեւանի տարածքային ստորաբաժանումը այդ պատճառով մերժել է հիշյալ հողամասի նկատմամբ իրավունքների գրանցման Նաիրի Ներսիսյանի դիմումը: Վերջինս հասարակական կառուցապատման իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջով անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան, որպես երրորդ անձ հանդես է եկել Իջեւանի քաղաքապետարանը:
2012թ. նոյեմբերի 6-ին վարչական դատարանը՝ նախագահությամբ Ռուզաննա Հակոբյանի բավարարել է Նաիրի Ներսիսյանի հայցը : Դատավորը վճիռը մասնավորապես այդպես է հիմնավորել. «Համայնքի ղեկավարի պաշտոնատար անձի փոփոխությունը ինքնին չի կարող հանգեցնել նախկին պաշտոնավորող անձի կողմից տրված լիազորորագրի գործողության դադարեցմանը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի լիազորագրողը(համայնքի ղեկավարը) վերացնի լիազորագիրը,ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել»: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն «Առավոտի» թղթակցին ասաց, որ համայնքի բյուջեից 9 միլիոն դրամ է ներդրվել այդ տարածքի բարեկարգման համար, սակայն դրանից հետո կնքված պայմանագրով քաղաքի կենտրոնում գտնվող 1500քմ տարածքի տարեկան վարձավճարը նույնն է մնացել՝ 45000 դրամ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ